
Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է․ «Դուշանբեի արդեն պատմական դարձած վերելակի «առեղծվածի» մասին վարչապետի երեկվա արած դիտարկմանը ևս մի նյուանս ավելացնեմ։ Վերելակում բացի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից ու առաջինի անվտանգության ծառայության ղեկավարից, Սոմոն պալատի երրորդից չորրորդ հարկ տեղափոխվելիս (այսինքն մի ամբողջ 15 վայրկյան) գտնվել են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեվն ու Թուրքմենստանի փոխվարչապետ Պուրլի Աղամուրադովը։ Ինչպիսի հրաշալի կազմ՝ դարի դավադրությունը հյուսելու համար»։
Իհարկե շատ լավ է, որ երեկվանից սկսած Դուշանբեի հանդիպման թեման ընդհանուր դիրիժորական փայտիկի չափին համահունչ կրկին «տաքացվեց», սակայն քանի որ հարցը «տաքացվեց», մի քանի դիտարկում։ Նախ, ասում են այսպիսի հին սովորություն գոյություն ունի (նույնիսկ մասոնների կողմից որդեգրված) «այն ինչն ուզում ես թաքցնել, դրա մասին խոսիր ամենաշատը»։
Հիմա, Դուշանբեի «վերելակային» դիվանագիտությունը կրկին ակտիվացնելու իմաստը որն է, զուտ՝ «հեղափոխության հոր» դիրիժորական փայտիկի չափին համահունչ «տակտ բռնելն» ու «տեմպի տակ ընկած» գնալը, թե ինչ որ բան կա, որը անչափ մտահոգել է «հեղափոխության հորն» ու հիմա բոլորը մի մարդու նման լծվել են իրենց «սրբազան պարտքը կատարելուն»։
Երկրորդ, Դուշանբեի ոչ հանդիպումը, ոչ դրա շուրջ ստեղծված առեղծվածը, ոչ էլ դրանից հետո հյուսված դավադրությունները ոչ պատմական են, ոչ իսկ արժանի մեծ ուշադրության։ Ամեն բան, սակայն շատ ավելի լավ դասավորվեց, քան կարելի էր սպասել։ Իսկ ավելի կոնկրետ, «հեղափոխության հայրը» ակամա սկսեց մանրամասներ ասել Դուշանբեի հանդիպումից, ու դեռ կասի անշուշտ։
Ի դեպ, ասում են մարդը երբ գտնվում է նյարդային անհավասարակշիռ, սթրեսային վիճակում, հոգեբանորեն դառնում է շատ հեշտ խոցելի ու ասում է բաներ, որոնք գուցե եւ այլ իրավիճակներում չէր ասի։ Հիմա, գործող վարչապետի մոտ կա նման անհանգստություն ու վախ։ Դա նկատելի է։ Դրա մատնող ցուցիչը ցինիզմն է։ Որքան շատ է նրա մոտ ցինիզմը, այնքան ավելի խորն է վախը։ Վախը փորձ է արվում ծածկել ցինիզմով։
Հետաքրքիր խորհուրդ, նայեք Der Untergang (Бункер) 2004 թվականի արտադրության ֆիլմը։ Շատ ուշադիր նայեք։ Հատկապես վերջին հատվածները, երբ Հիտլերը արդեն կորցնում է իրականության հետ կապը վերջնականապես, ու տրվում ցինիզմին։ Նույնպես եւ նրա ամենահավատարիմ զինակից Յոզեֆ Գեբելսը։ Նրանք ամենախորը, կործանարար, պաթոլոգիկ վախերի մեջ են, սակայն փորձում են ցինիզմով քողարկել այն։ Նույնը եւ էվա Բրաունի մոտ։ Համեմատեք ու մնացած հետեւություններն արեք ինքներդ:
«Ժողովուրդն է մեզ ընտրել ու տվել մեզ իշխանություն», «Սա ժողովրդի ընտրությունն է, ոչ ոք նրանց չէր ստիպում»։ Ծանոթ արտահայտություններ են չէ։ Իսկ հետո նույն ֆիլմում արդեն հաջորդ կադրերում կան այսպիսի արտահայտություն օրինակ՝․ «Երիտասարդները նրա համար են որ զոհվեն»։
Հասկանալի է չէ էվոլյոցիան, երբ խորհրդային զորքերը գրեթե Բունկերի մատույցներում են, իսկ Հիտլերը խոսում է իր երազած Բեռլինի մասին։ Հիմա վերադառնանք Դուշանբեի, այդքան չարչրկված հանդիպմանը։ Հեղափոխության հայրը դեռ էլի է խոսելու այդ հանդիպման ու մյուս հանդիպումների մասին։ Բայց դրանք էլի խորքային ասելիք չեն ունենալու։ Պատճառը շատ պարզ է։ Այն ձեւակերպվել է դեռ առաջին նախագահ Լեւոն Տեր—Պետրոսյանի կողմից։ Եվ մի ռեմարկ էլ, որպես վերջաբան․ բուն բանակցությունները, բուն կարգավորումը սկսվելու է հաշտության պայմանագրից հետո, այն ինչ հիմա է տեղի ունենում, դեռ մեծ ներկայացման նախերգանքն է։