Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական...

«Հրապարակ» թերթը գրում է․Չնայած Փարաքարի համայնքապետի սպանությունից ժամեր անց՝ լուսաբացին, Նիկոլ Փաշինյանը դատապարտեց տեղի ունեցածը, իր գրառման մեջ որոշակիորեն ուղղորդելով․ «Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին՝ Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել», սակայն երեկ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը ՆԳՆ-ում այդպես էլ խորհրդակցություն չէր հրավիրվել:

Ենթադրվում էր, որ Փաշինյանի գրառումից հետո պետք է հրավիրվեր խորհրդակցություն, քննարկվեր տեղի ունեցածը, եւ պարզվեր, թե ովքեր են թերացել իրենց աշխատանքում։ Ի դեպ, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Փայլակ Շմավոնյանը մոտ 20 օր առաջ է նշանակվել պաշտոնին, եւ համակարգում չեն կարծում, թե կատարվածի պատասխանատվությունը պետք է կոտրվի նրա ուսերին։

Մինչդեռ իշխող թիմում կարծում են, որ պետք է մի շարք բարձրաստիճան ոստիկաններ պաշտոնանկ արվեն, եթե ոչ` ՆԳ նախարարը: Էջմիածինը մշտապես եղել է խնդրահարույց շրջան՝ թե՛ կլանային բախումների տեսանկյունից, թե՛ ապօրինի զենքի շրջանառության, ուստի կատարվածը պատշաճ վերահսկողության բացակայության հետեւանք է։

Ոմանք ավելի հեռուն գնալով կարծում են, որ Փաշինյանի թիվ մեկ խնդիրը` վայրկյան առաջ հասնել համայնքապետի սպանության բացահայտմանը, քանի որ այն սովորական սպանություն չէ, եւ պարզ է, որ Վոլոդյա Գրիգորյանին «քիլլեր» է սպանել, իսկ դա նշանակում է, որ նախապես լավ մշակված եւ կատարված հանցագործության հետ գործ ունենք։ Իսկ թե ում էր խանգարում Վոլոդյա Գրիգորյանը, մանրամասնելու կարիք չկա։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 25․ 09․ 25 թ