Ոչ թե օրենսդրական հսկողության խնդիր է, այլ օր...

Ոչ թե օրենսդրական հսկողության խնդիր է, այլ օրենսդրական փնթի աշխատանքի հետևանք: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

«Ես ուզում եմ հիշեցնել, որ անձնանունների արգելք դնելու փոփոխությունը 2022 թվականին է եղել, 2024 թվականի դեկտեմբերին, երբ մեծ փաթեթով գովաբանվում էր այդ փոփոխությունը՝ տեխնիկական պատճառով «նախադասություն» բառը փոխարինվել է «պարբերություն» բառով:

Դուք հիմա բերել եք և նախկին փոփոխությունը վերականգնել եք, հետևաբար, եթե ի սկզբանե նպատակը սա թողնելն էր, օրենսդրական այդ փնթի աշխատանքը չպետք է լիներ: Հիմա, երբ ընտրական գործընթացը սկսվել է, հայտարարվել է, ՀՀ նախագահը հրամանագիրը ստորագրել է և քաղաքական ուժերն արդեն հայտ են ներկայացրել, այս փոփոխությունը այո, հիմնարար է և ազդում է ընտրության արդյունքների և ընտրարշավի գործընթացի վրա:

Ավելի կարևոր եմ համարում հիմնարար իրավունքների իրացման մասը, սա իրավունքի իրացում չէ, այլ վարչական կարգով արգելք: Հիմնարար իրավունքները պետք է վերաբերեն տնային կալանքում գտնվող անձի քվեարկությանը մասնակցելուն, տնային կալանքում գտնվող անձի քարոզչությանը մասնակցելուն, որը կարգավորված չէ»,- նշել է նա: