«ԲԴԽ անդամների քվերակությանը մասնակցելու քաղաքական նպատակահարմարություն չենք տեսնում, վերապահումներ ունենք թեկնածուների հետ կապված»: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը.
«Մենք խորհրդարանական դահլիճում չենք մասնակցել բովանդակային քննարկումներին, բնականաբար, չենք մասնակցելու նաև քվեարկությանը»,-ասաց Տոնոյանը:
Հարցին, ինչո՞ւ ընդդիմությունը չի առաջադրել ԲԴԽ անդամի իր թեկնածուներին, պատգամավորը պատասխանեց.
«Մենք ասել ենք, որ այսօր մեր պետության, մեր երկրի և կառավարության օրակարգում պետք է լինեն այլ հարցեր, և դատական համակարգում տեղի ունեցող կեղծ օրակարգով առաջ բերված հարցեր մեր օրակարգում պարզապես տեղ չունեն: Նախկինում առիթ ունեցել եմ ասելու, որ քառօրյայի շուրջ 5 տասնյակ հարցերից որևէ մեկը չի արտացոլում այն օրակարգը, որն այսօր ծառացած է մեր առաջ: Խոսքը վերաբերվում է թե՛ զոհերի ընտանիքների, թե՛ Արցախից տարհանված ընտանիքների, գերիների, անհետ կորածների խնդրիրներին: Իսկ ինչ վերաբերվում է այս քվեարկությանը, մենք այդ մասով մեր քաղաքական դիրքորոշումը ներկայացրել ենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանը:



