
Երևանի խմելու ջրի ենթակառուցվածքների արդիականացման նպատակով «Վեոլիա ջուր» ընկերությունը նախատեսում է շուրջ 5 մլրդ դրամի ներդրում կատարել։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ծրագրի շրջանակում արդիականացվելու են այն թաղամասերի ենթակառուցվածքները, որտեղ կան ջրի կորուստներ և անհրաժեշտություն կա համակարգի թարմացման։ Աշխատանքները հիմնականում կիրականացվեն Նուբարաշեն, Կոնդ, Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջաններում։
Քաղաքապետարանը կտրամադրի անհրաժեշտ շինթույլտվությունները, որից հետո «Վեոլիա ջուրը» կարճ ժամկետում կմեկնարկի աշխատանքները։
«Ընդհանուր փաթեթը կազմում է 5 մլրդ դրամ, որը նախատեսված է բացառապես խմելու ջրի ենթակառուցվածքների արդիականացման համար»,-նշեց փոխքաղաքապետ Հովհաննիսյանը։