Վենեսուելայի նավթային ճգնաժամը խորանում է

Վենեսուելան հունվարի սկզբին գրեթե երեք անգամ պակասեցրել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման պատճառով, ինչը հանգեցրել է արդյունահանման դադարեցման մի շարք նախագծերում: Այս մասին ասվում է Էներգետիկայի միջազգային գործակալության հաշվետվությունում։

«ԱՄՆ ծովային շրջափակումից հետո նավթի բեռնառաքման ծավալը կտրուկ նվազել է՝ ըստ Kpler-ի նախնական տվյալների՝ դեկտեմբերի օրական 880 000 բարելից հունվարի սկզբին օրական մինչև մոտ 300 000 բարել։ Արտահանման հնարավորության բացակայության ֆոնին երկրում պաշարները շարունակում են աճել, ինչը հանգեցնում է արդյունահանումը մասնակիորեն դադարեցնելու անհրաժեշտության», - նշվում է հաշվետվությունում։

Վենեսուելայում նավթի արդյունահանումը 2025 թվականի երրորդ եռամսյակում և դեկտեմբերին կազմել է օրական մոտավորապես 1 միլիոն բարել, միջին հաշվով 2025 թվականին ցուցանիշը հասել է օրական 950 000 բարելի։ Վենեսուելան արտահանել է օրական 780 000 բարել, ընդ որում, այդ ծավալի 25%-ը գնացել է Միացյալ Նահանգներ։ Դեկտեմբերին Վենեսուելայի նավթի արտահանման կեսը բեռնառաքվել է լցանավերով, որոնք հայտնվել են պատժամիջոցների ներգործության տակ։

Մինչև 2018 թվականին ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը Վենեսուելան իր նավթի մեծ մասն արտահանել է Միացյալ Նահանգներ, Հնդկաստան և Լատինական Ամերիկայի այլ երկրներ։ Տվյալների վերլուծության Kpler ընկերության տվյալներով՝ 2018 թվականից Չինաստանը ստացել է Վենեսուելայից արտահանված նավթի գրեթե 80%-ը, իսկ ԱՄՆ-ին  վերջին ամիսներին բաժին է ընկել գրեթե 20%-ը: