Վազգեն Մանուկյանը` Նաիրի Հունանյանի հետ ունեց...

Հանրային խորհդրի նախագահ Վազգեն Մանուկյանը վերջին օրերին մամուլում շրջանառվող բոլոր լուրերին ու հարցերին պատասխանելու համար այսօր հանդիպել է լրագրողների հետ:

«Հոկտեմբերի 27-ի հարցը ես չեմ քննարկելու, դրա վերաբերյալ նորից քննարկում սկսելն այն խաղն է, որի մեջ մտնել պարտադրում են հիմա ժողովրդին»:

Նա անդրադարձավ նաև պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններին, որ կալանավայրում Նաիրի Հունանյանի հետ զրույցի ժամանակ վերջինս ասել է, թե եղել է Վազգեն Մանուկյանի տանը, և որ ըստ Բաբաջանյանի՝ Վազգեն Մանուկյանը կապ ունի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ:

«Եթե իշխանությունը հարց ունի, իրավապահ մարմիններ կան, թող վերանայեն գործը: Եթե ինձ ասելու բան ունեն, թող կանչեն, աչքերիս նայեն և հետս խոսեն, ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով անեն դա»,- ասաց նա:

Վազգեն Մանուկյանը նշեց, որ ինքը Նաիրի Հունանյանի հետ առնչվել է 1988-ի շարժման ժամանակ, երբ ներկայացնում էր «Ղարաբաղ» կոմիտեն, իսկ Նաիրի Հունանյանը՝ Ուսանողական շարժումը: Հաջորդ հանդիպումը եղել է այդ հանդիպումից շատ հետո:

«Նա դիմել էր մեզ՝ ԱԺՄ կուսակցություն, ուզում էր ընդունվել: Մենք որոշել էինք, որ չարժե, մենք բոլորին չէինք ընդունում, նրան էլ չընդունեցինք ինչ-ինչ պատճառներով: Նրա հետ ո´չ ընկերական հանդիպումներ, ո´չ խոսակցություններ չեն եղել, մեր տանը նա չի եղել: Այս ամենն իր հետևում քաղաքական նպատակներ ունի»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է Արման Բաբաջանյանի ասածին, թե Հոկտեմբերի 27-ը Վազգեն Մանուկյանի անձնական հաշվեհարդարն էր Վազգեն Սարգսյանի իշխանության դեմ, Վազգեն Մանուկյանը նկատեց.

«Նա այն մարդը չէ, որի ասածներին ես պետք է պատասխան տամ»: