Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին «դրիֆթ» կատ...

Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

«Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության ժամանակ, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության կանոնները` կատարելով, այսպես կոչված, «դրիֆթ»։

Հասարակական կարգը խախտում են նաև հարսանեկան արարողության մասնակից մի քանի «Մերսեդեսի» վարորդներ` երթևեկելի գոտում «դրիֆթ» կատարելու ընթացքում մեքենաներով փակելով ճանապարհը:

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի համայնքային բաժնի և Արմավիրի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԲՄՎ»-ն և «Մերսեդեսները» վարողների ինքնությունը: Խուլիգանություն կատարելու կասկածանքով երեք տղամարդ ձերբակալվել և ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին։

Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին»,–ասված է հաղորդագրության մեջ: