
ԱՄՆ-ն Իրաքի կառավարությանն առաջարկել է ավելացնել Իրանի վրա ճնշումները։ Այս մասին հայտարարել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնն Al Arabiya-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ իր երկիրը ձգտում է հավասարակշռություն պահպանել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերություններում:
Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է դադարեցնել Իրանից գազի ներկրումը։
Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ Բաղդադը հույս ունի շարունակել ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ վարչակազմի հետ։
«Մենք մտահոգություն չունենք ԱՄՆ նոր վարչակազմի հետ առնչվելու հարցում», - ասել է նա։
Բացի այդ, նախարար Հուսեյնը նշել է, որ Վաշինգտոնը ոչ պաշտոնական հաղորդագրություններ է ուղարկել զինված խմբավորումների իրավիճակի վերաբերյալ՝ հավելելով, որ Իրաքի ներսում հարվածներ հասցնելու Իսրայելի սպառնալիքները դեռևս ուժի մեջ են։
Ինչ վերաբերում է երկրից կոալիցիոն ուժերի դուրսբերմանը, նա պարզաբանել է, որ ամերիկյան ուժերի դուրսբերման ժամկետները չեն փոխվել։
Հուսեյնն անդրադարձել է նաև Սիրիայի հետ հարաբերություններին։
«Իրաքի դիրքորոշումը Դամասկոսի նոր վարչակազմի վերաբերյալ կապված չէ Իրանի հետ, սակայն կան տարբեր տեսակետներ որոշ քաղաքական կուսակցությունների կողմից», - նշել է նա՝ հավելելով, որ Իրաքում տարբեր տեսակետներ ունեն աշխարհի ցանկացած հարցի վերաբերյալ։
Հատկանշական է, որ Իրաքը զրահատեխնիկա էր տեղակայել իրաք-սիրիական սահմանի երկայնքով 2024 թ․ դեկտեմբերին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո:
Ավելի վաղ Իրաքը հայտարարել էր, որ Սիրիայի անցումային կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի, որպեսզի ահաբեկիչները չհատեն սահմանը կամ որևէ կերպ չհարձակվեն տարածաշրջանի վրա։
Իրաքի նախագահը նաև հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը, հնարավոր է, մինչև տարեվերջ ավարտեն առաքելությունն Իրաքում։