ԱՆԻՖ-ի մասին հարցը լրատվականները մի քանի անգամ ուղղել եք վարչապետին, մի քանի անգամ պատշաճ պատասխան եք ստացել. ավելին ի՞նչ եք ուզում իմանաք. Գործը քննվում է, նախաքննության գաղտնիք է, ես որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող տալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում լրագրղների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱՆԻՖ-ի գործը իշխանության կոկորդում է մնացել, արդյոք մեղավորներ հայտնաբերվել են և ինչ ընթացքում է գործը:
Նա հավելեց, որ սխալ է տպավորությունը, թե գործը կոծկվում է. «Ես կարող եմ ասել որ ձեր տպավորությունը սխալ է որովհետև այս պահին նախաքննություն է ընթանում, թույլ տվեք նախաքննություն ավարտվի»:
Հարցին՝ ՊՎԾ-ն վարչապետի աշխատակազմում ստուգումներ իրականացնելու լիազորություններ ունի՞մ թե ոչ, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Այո նոր նախագծով արդեն վերապահված է այդ լիազորությունը»: Վարչապետի աշխատակազմը այսուհետ պետական միջոցների կառավարման օրինականության մասով կլինի ՊՎԾ-ի համար վերահսկողության օբյեկտ»:
Ճշտող հարցին՝ կունենա՞ քաղաքական կամք բացահայտելու այդտեղ չարաշահումներ, ՊՎԾ պետն ասաց. «Կամքի պակաս չունեմ ես: Վարչապետը ինձ տվել է լիարժեք կանաչ լույս, ցանկացած պետական կառավարման համակարգում ցանկացած մտահոգության հետևից գնալու, վեր հանելու, տեղեկանքներ կազմելու, զեկուցելու և ընդհուպ մինչև քրեաիրավական գնահատականի ուղարկելու մասով։ Որևէ կաշկանդում պաշտոնապես եմ ասում, ես չունեմ»:
Ինչ վերաբերում է նրան, թե արյդո՞ք համարձակություն կունենա բացահայտելու վարչապետի ու իր ընտանիքի ծախսերում առկա չարաշահումները, երբ ընտանիքով մեկնում են գործուղման, Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց. «Ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում, ես որևէ կաշկանդում չունեմ որևէ վերահսկողական լիազորություն իրականացնելու հանուն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի»: