
Երեկ դատական նիստից հետո ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը ասուլիսով հանդես եկավ, որի ընթացքում մի քանի սկանդալային հայտարարություններ արեց։ Ավելի ուշ Ֆակտոր լրատվականի տաղավարում Դավիթ Սանասարյանը հայտարաեց, որ իր մասին սուտ տեղեկություններ է տարածել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը․ «Ասուլիսի ժամանակ հստակ նշեցի, որ ԱԱԾ նախկին տնօրենը իր պաշտոնավարման ժամանակ երկրի վարչապետին ներկայացնում էր իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որ ես շատ թանկարժեք ավտոմեքենա եմ նվեր ստացել, այլ հանցավոր շրջանակների հետ եմ կապ պահում։ Ես հասկանում էի, որ կոնկրետ գործողություն է կատարվում իմ դեմ, այդ թվում՝ Արթուր Վանեցյանը ոչ պաշտոնական, հանդես է գալիս Ալեն Սիմոնյանի շտաբի պետ, հենց կոնկրետ այդ շրջանում խնդիրները շատացան։ Կոնկրետ արշավ է կազմակերպվել իմ դեմ և իմ ունեցած տեղեկություններով Ալեն Սիմոնյանին կոնկրետ աջակցել են բոլորին հայտնի հանցավոր տարրեր։ Ես տեսնում էի, որ հակասությունները գնալով մեծանում են՝ գլորվող մեծ քարը գնալով ավելի է մեծանում»,-հայտարարել էր Սանասարյանը։
Սանասարյանը փորձում է ստեղծել տպավորություն, որ իր մասին լեգենդներ են հյուսվել, բայց ուսումնասիրելով համացանցի բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը, հասկանում ենք, որ Արթուր Վանեցյանը իրականում սխալ տեղեկատվություն չի ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Սկսենք Սանասարյանի և քրեական աշխարհի հետ կապ ունեցող անձանց հավանական կապից։ Մամուլում գրվել էր, որ նախընտրական շրջանում Դավիթ Սանասարյանին օգնում էր գործարար Արմեն Գինոսյանը, մականունը Մոնարխ։ Իսկ ով է Մոնարխը, բացի գործարար լինելուց։ Այստեղ օգնության է գալիս 1in.am-ի հրապարակումներից մեկը, որում մասնավորապես գրված է․
Հիշեցնենք, որ Արմեն Գինոսյանը հանդիսանում է նաև ՊԵԿ օպերվարչության պետ Կարեն Կարապետյանի հովանավորյալը։ Հենց այս ու իրավապահ մարմինների հետ ունեցած կապերի շնորհիվ էլ Գինոսյանն իր ամերիկացի փեսայի միջոցով Հայաստանում զբաղվել ու զբաղվում է փողերի լվացմամբ, զենքի ապօրինի շրջանառությամբ և այլ հանցավոր արարքներով։
Մեզ հասած տեղեկություններով՝ ժամանակին Գինոսյանի մասով՝ խաղատների միջոցով փողերի լվացման գործով ԱԱԾ-ն զբաղվել է, լուրջ բացահայտումներ են արվել, սակայն «վերևները» թույլ չեն տվել գործն ավարտին հասցնել։
Հետագայում մենք կանդրադառնանք նաև Մանախի Արմենի կողմից ուժային կառույցներում աշխատող պաշտոնյաներին տրված թանկարժեք նվերներին՝ ավտոմեքենաներին, տներին ու թանկարժեք ժամացույցներին։ Ինչպես նաև նրա միջոցով նախկին կոռումպացված կադրերին հեղափոխությանը աջակցելու անվան տակ այսօր համակարգում տեղավորելու թեմային,-նշվում էր լրատվականի հրապարակման մեջ։
Սանասարյանը հերքում է նաև, որ մեքենա է նվեր ստացել։ Այս պնդումն էլ հոդս է ցնդում, երբ ուսւոմնասիրում ենք նրա մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած վթարի վերաբերյալ հրապարակումները։ Վթարից հետո հայտնի դարձավ, որ Դավիթ Սանասարյանը վարել է «Վալգարդ» ՍՊԸ-ի հաշվեկշռում գրանցված մեքենա։ 168.am-ը այս մասով հետաքրքիր բացահայտում էր արել և պարզել էր, որ նշված ընկերությունը պատկանում է «Մոնարխ» ընկերության սեփականատեր Արմեն Գինոսյանի փեսայի՝ Աշոտ-Արչի Սարդարյանի ընկերությանը: