Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից դժգոհությունը օր օրի մեծանում է։ Մարզի բնակիչները ոչ մի, անգամ ամենափոքր խնդրի լուծումը չեն կապում նրա հետ։ Ամեն հարցով փորձում են բողոքի ակցիաների, բաց նամակների տեսքով իրենց խնդիրների վրա հրավիրել կառավարության ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը։
Գարիկ Սարգսյանի որոշումները գնալով առավել քիչ կապ են պահում ադեկվատության հետ։ Օրերս հայտնի դարձավ, որ նրա գիտությամբ և թույլտվությամբ Նարեկ համայնքի ղեկավարը (այդպես է հայտարարում հենց Նարեկ համայնքի ղեկավարը) 250-300 բերքատու ծառեր հատվեն, որ դրանց տեղում զբոսայգի կառուցվի։
Միայն պատկերացնել կարելի է, թե որքան հեռու է նա իր ղեկավարած մարզի կյանքից, որ թույլատրում է գարնանը կտրել մի քանի հարյուր բերքատու ծառեր, որոնք մի քանի ընտանքիների միակ եկամտի աղբյուրն էին։
Շատերի համար զարմանալի է, թե ինչու՞ է Փաշինյանը շարունակում Գարիկ Սարգսյանին պահել այդ պաշտոնում։ Չէ՞ որ Գարիկ Սարգսյանը դիլետանտ է և չի տիրապետում այն խնդիրներին, որոնք ունի Արարատի մարզը։
Բայց Փաշինյանի մոտիվացիան ևս հասկանալի է։ Գարիկ Սարգսյանը մինչև իշխանափոխությունը երբեք աշխատանք չի ունեցել Հայաստանում։ Նախկինում նա Ռուսաստանի Դաշնությունում ասֆալտ է փռել, և հիմա, եթե նրան ազատեն աշխատանքից, ապա մտավախություն կա, որ կրկին կարտագաղթի ու ներգաղթ չունեցող Հայաստանը ևս մեկ ընտանիքի արտագաղթ կարձանագրի։



