Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայ...

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին:

Սյս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ 

Ողջունելով Անիտա Դիմիտրիուի այցը Հայաստան՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա: Նախագահը ընդգծել է, որ Կիպրոսը Հայաստանի համար արժեքավոր և վստահելի գործընկեր է:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների միջև ձևավորված համագործակցությունը՝ հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև ակտիվ շփումների և փոխայցելությունների շրջանակներում:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններում առկա հնարավորություններին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ առավել ակտիվ համագործակցությունը մասնավորապես զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կարող է դառնալ Հայաստանի և Կիպրոսի միջև տնտեսական կապերի զարգացման նոր խթան: Այս համատեքստում դրական է գնահատվել երկու երկրների միջև ուղիղ թռիչքների առկայությունը:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը՝ որպես համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման քայլ: Բարձր է գնահատվել առկա փոխգործակցային ներուժը, ինչպես նաև միջազգային հարթակներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ և անխոչընդոտ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում շեշտվել է ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, ինչպես նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Դրականորեն արձանագրվել է տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության սահուն ընթացքը, որը նպաստում է երկկողմ կապերի ընդլայնմանը: Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը՝ որպես ժողովուրդներին մերձեցնող կարևոր գործիք:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն պարգևատրվել է Բարեկամության շքանշանով: