Ու՞ր էր գնում 36 կիլոգրամ ոսկին․ ովքե՞ր են կա...

Երեկ՝ ապրիլի 10-ին, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ժամը 07:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են:

Ըստ նախնական տեղեկությունների դիմակավորված, ատրճանակներով զինված առնվազն 4 անձ ավտոմեքենայով կանգնեցրել են վերը նշված 3 անձանցից մեկի վարած «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, վարորդին ու 2 ուղևորներին բռնություն գործադրելով իջեցրել ավտոմեքենայից, պառկեցրել գետնին ու ձեռնաշղթաներ հագցրել։

Այնուհետև, արցունքաբեր գազ կիրառելով՝ երեքին էլ նստեցրել են ավտոմեքենան, հափշտակել բեռնախցիկում գտնվող ճամպրուկների և պայուսակների մեջ եղած մոտ 1 միլիարդ 24 միլիոն ՀՀ դրամ գումարին համարժեք, շուրջ 36 կիլոգրամ ոսկյա երեք ձուլակտորներ, մոտ 1 միլիարդ 216 միլիոն ՀՀ դրամին համարժեք 293 միլիոն ռուբլի գումարը և դիմել փախուստի:

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ, գողացված ոսկին կապ ունի Հայաստանում լայն թափով տարածում գտնող մաքսանենգ ոսկու բիզնեսի հետ։ Ավազակային հարձակումը տեղի է ունեցել Արգավանդի ճանապարհին և, ըստ իրավապահ մարմինների մեր աղբյուրների, ուղևորները շարժվում էին դեպի օդանավակայան։

Աշխարհում Հայաստանը ոսկու մաքսանենգությամբ զբաղվող երկրի համբավ է ձեռք բերում։ Այստեղ հետաքրքիր է, թե ինչով են զբաղվում ՊԵԿ պատկան մարմինները, առանց որոնց չի կարող նման ծավալի մաքսանենգություն գոյություն ունենալ։ 36 կիլոգրամ ոսկին օդանավակայան տանող անձիք պետք է վստահ լինեին, որ այն կարողանալու են սահամանից դուրս հանել, իսկ դա առանց ՊԵԿ-ի պատկան մարմինների անհնար կլիներ։ Այս պահին իհարկե դժվար է միանշանակ պնդել, որ ՊԵԿ առնվազն վերնախավը հովանավորում է այս ամենը, բայց ակնհայտ է, որ պետք է բացատրություններ տան, թե ինչպե՞ս է ստացվել, որ նման ծավալի ստվերային շարժ կա ոսկու շուկայում։