Ունենք մեր հարցումները, որոնց արդյունքները մե...

Հայաստանում արդեն վաղուց, հատկապես վերջին շրջանում, շատ ավելի ակնհայտ է դարձել, որ սոցիոլոգիան ոչ թե հանրային տրամադրությունների ստուգման, այլ դրանց վրա ազդելու միջոց և գործիք է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Ես որևէ հարցման արդյունք չեմ մեկնաբանի, սակայն կարող եմ ասել, որ որոշ մարդիկ արդեն կորցրել են չափի զգացումը՝ նույնիսկ այդ խեղաթյուրված տվյալներն օգտագործելու տեսանկյունից։ Կարծում եմ՝ լավագույն սոցհարցումը հունիսի 7-ին է։ Մենք ունենք մեր հարցումները, որոնց արդյունքները մեզ ամբողջությամբ բավարարում են այս փուլում առաջ շարժվելու համար։ Մենք շարունակում ենք մեր գործը»,-ասաց Միկոյանը՝ հորդորելով վերջին հրապարակված հարցումների հավաստիությունը ստուգելու համար ուսումնասիրել Երևանի ավագանու ընտրություններից առաջ հրապարակված սոցիոլոգիական հարցումները։

Հիշեցնենք, որ այսօր «Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունն հրապարակել էր վերջին հարցման տվյալները, համաձայն որոնց՝ եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ընտրողների միայն 5,5%-ն է պատրաստ ձայն տալ «Հայաստան» դաշինքին, ինչը ենթադրում է, որ այս ուժը չի հաղթահարելու խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 8 %-ը։