Ուկրաինայում հայտարարված է օդային տագնապ

Ռուսական զորքերը հուլիսի 8-ի առավոտյան զանգվածային հրթիռային հարված են հասցրել Ուկրաինային, այդ թվում հրթիռների կիրառմամբ, որոնք արձակվել են «Կինժալ» համալիրից, տեղեկացրել է Ուկրաինայի ԶՈւ Օդուժի հրամանատարությունը։ Ամբողջ Ուկրաինայում հայտարարված է օդային տագնապ։ Կիեւում գործի են դրվել ՀՕՊ համակարգերը, տեղեկացրել է քաղաքային ռազմական վարչությունը։ Ուկրաինական ԶԼՄ-ները եւ թելեգրամ-ալիքները գրում են, որ քաղաքում լսվում են պայթյունների ձայներ։ Ռուսասկան ՏԱՍՍ գործակալությունը, հղում կատարելով ականատեսներին, տեղեկացրել է, որ պայթյունները հնչել են Կիեւի «Ժուլյանի» օդանավակայանի շրջանում, նշվել է, որ կան խոցումներ «Արտեմ» ռազմական գործարանի շրջանում։ Կիեւի Սոլոմենսկի, Դնեպրի, Դարնիցայի, Դեսնյանսկի, Շեւչենկոյի եւ Գոլոսեեւյան շրջան ներում ընկել են հրթիռների բեկորներ, հայտնել են ռազմական վարչությունում։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ այնտեղ են մեկնում բուժաշխատողների բրիգադներ։ Կիեւի ռազմական վարչությունում տեղեկացրել են, որ Սոլոմենսկի շրջանում վնասվել է օֆիսային շենք, Գոլոսեեւյան շրջանում բեկորներն ընկել են բնակելի տան մոտ, Դնեպրի շրջանում տեղի է ունեցել հրդեհ բնակելի կառույցում, Դարնիցայում վնասվել է մասնավոր տուն, Դեսնյանսկում այրվել է մի տուն։ УНИАН-ը տեղեկացրել է, որ Կիեւում այրվել է բազմահարկ շենք։ Խոցվել է մանկական բուժական հաստատության շենքերից մեկը, տեղեկացրել է Կլիչկոն։ Կիեւի իշխանությունների նախնական տվյալներով՝ տուժել է երեք մարդ։