
«Ես պարզապես երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – գրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։ Նա նշել է, որ քննարկել են միմյանց այցելություններ կատարելու և Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցերը։ «Մենք նաև համաձայնեցինք, որ մեր թիմերը անհապաղ կսկսեն բանակցությունները», – հավելել է Թրամփը։
Ռուսաստանի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ Պուտինը «աջակցում է» Թրամփի տեսակետին, որ «ժամանակն է, որ մեր երկու երկրները համատեղ աշխատեն»։
Եվրոպայում այս հայտարարությանը արձագանքեցին ակնհայտ մտահոգությամբ։ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասն ընդգծեց Ուկրաինային Եվրոպայի աջակցությունը՝ հավելելով, որ եվրոպացիները «հույս ունեն այս հարցում քննարկում ունենալ ամերիկյան դաշնակիցների հետ»։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնվեց նվաստացած իրավիճակում, քանի որ Թրամփը հայտարարեց, որ պարզապես «տեղեկացնելու է» նրան Պուտինի հետ իր բանակցությունների մասին։ Զելենսկին միշտ պնդել է, որ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու միակ ճանապարհը Պուտինի հետ խոսելն է ուժի դիրքերից։ Սակայն Թրամփի անորոշ ու ամբարտավան հայտարարության մեջ ուժ չկար։
Պուտինն անհամբերությամբ կսպասի Թրամփի հետ գագաթնաժողովի, նախընտրելիորեն Մոսկվայում, հնարավոր է՝ մայիսի սկզբին՝ Ռուսաստանի Հաղթանակի օրվա 80-ամյակի կապակցությամբ։ Նա վաղուց ցանկանում է Վաշինգտոնի հետ ուղիղ շփում, որը դուրս կթողներ Եվրոպային և, ամենակարևորը, Ուկրաինային։ Նման հանդիպումը նրան կվերադարձներ այն դիրքերը, որ Ռուսաստանը ուներ որպես համաշխարհային ուժ՝ ԱՄՆ-ի հետ հավասար։ Պուտինի պատկերացմամբ, դա կլիներ 1945-ի փառահեղ վերադարձ, երբ Ստալինը Ֆրանկլին Ռուզվելտի հետ քննարկում էր Եվրոպայի ճակատագիրը։
Սակայն, որպեսզի նման գագաթնաժողովը հաջողությամբ կայանա, պետք է լինի համաձայնություն Ուկրաինայի պատերազմի ավարտի վերաբերյալ։ Իսկ Պուտինի պահանջները հստակ են․ դրանք ենթադրում են ԱՄՆ-ի լուրջ զիջումներ, որոնք, եթե կատարվեն, Ուկրաինան կթողնեն Ռուսաստանի ողորմածությանը։ Այս մասին հաղորդել է The Moscow Times-ը։