
Հունիսի 2-ին Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը մտադիր է բարձրացնել պատերազմի ընթացքում պատճառված վնասի փոխհատուցման հարցը, ինչպես նաեւ մտադիր է պնդել ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիեւի իրավունքը։ Դա բխում է խաղաղ կարգավորման մասին ուկրաինական հուշագրից, որին ծանոթացել է Reuters-ը։ Բանակցությունների երկրորդ փուլի համար պատրաստված փաստաթուղթը հուշում է, որ պատերազմի ավարտի գործընթացը կսկսվի օդում, ցամաքում եւ ծովում առնվազն 30 օր «լիակատար եւ անվերապահ» զինադադարով։ Դրան պետք է հաջորդի գերիների փոխանակումը «բոլորին՝ բոլորով», որպես «վստահության ամրապնդման միջոց»։ Այնուհետեւ Կիեւը ծրագրում է հանդիպում անցկացնել Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի միջեւ՝ «վերջնական խաղաղ կարգավորման հիմնական ասպեկտները համաձայնեցնելու» եւ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Միեւնույն ժամանակ, Ուկրաինան, կարգավորման շրջանակում, պնդում է Կիեւին տրամադրել «անվտանգության երաշխիքներ» եւ Եվրամիությանն անդամակցելու իրավունք։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը «կախված է դաշինքի ներսում կոնսենսուսից», ընդգծվել է հուշագրում։ Փաստաթղթում նշվել է նաեւ, որ Ռուսաստանը չի կարող սահմանափակումներ մտցնել Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի, տեղակայման եւ այլ պարամետրերի վրա։ Բացի այդ, խաղաղության համաձայնագիրը չպետք է արգելի բարեկամ օտարերկրյա պետությունների զորքերի տեղակայումը երկրի տարածքում։ Միջազգային հանրությունը չպետք է ճանաչի Ռուսաստանի վերահսկողությունը օկուպացված ուկրաինական տարածքների վրա պատերազմի ավարտից հետո, եւ Կիեւը պատրաստ կլինի քննարկել տարածքային հարցերը միայն «լիակատար եւ անվերապահ զինադադարից հետո»։ Միեւնույն ժամանակ, Ուկրաինան հանդես է գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասնակի, աստիճանական չեղարկման օգտին՝ դրանց երկարաձգման հնարավորությամբ։ «Ռուսաստանի սառեցված սուվերեն ակտիվներն օգտագործվում են [Ուկրաինան] վերակառուցելու համար կամ մնում են սառեցված՝ մինչեւ հատուցումները վճարվեն»,- նշվել է հուշագրում։ Ռուսաստանը հրաժարվել է ուկրաինական կողմին տրամադրել հուշագրի իր տարբերակը մինչ բանակցությունների մեկնարկը։ Սակայն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան մտադիր է Կիեւի հետ երկխոսությունում Ուկրաինայի համար չեզոք, ոչ դաշնակցային եւ ոչ միջուկային կարգավիճակ փնտրել, ինչպես նաեւ չեղարկել ռուսաց լեզվի օգտագործման հետ կապված խտրական օրենքները։ Բանակցությունների առաջին փուլի ընթացքում, որը տեղի ունեցավ մայիսի 16-ին Ստամբուլում, ռուսական պատվիրակությունը Կիեւից պահանջել է հանձնել Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանները։ Մերժման դեպքում ռուսական կողմը սպառնացել է գրավել եւս երկու շրջան՝ Սումին եւ Խարկովը, հայտնել են The Economist-ի աղբյուրները։ Reuters-ի ռուսաստանցի բարձրաստիճան զրուցակիցների խոսքով՝ Պուտինը բացառել է փոխզիջումը տարածքային հարցում եւ արեւմտյան երկրներից պահանջել է գրավոր երաշխիքներ տրամադրել, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի հրավիրել Ուկրաինային, Մոլդովային եւ Վրաստանին միանալ դաշինքին։