Ուկրաինան նպատակ ունի ամերիկյան գործընկերների...

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որն այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում, հանդիպում է անցկացրել ամերիկյան առաջատար էներգետիկ ընկերությունների հետ և նրանց առաջարկել ներգրավվել Ուկրաինայում նավթի, գազի և ատոմային էներգիայի ոլորտի նախագծերում: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

«Քննարկել ենք նավթի, գազի և ատոմային էներգիայի ոլորտի նախաձեռնությունները: Խոսք է եղել ոչ միայն արդեն իրականացվող, այլև ապագայի համար պլանավորած նախագծերի մասին», - ասվում է Զելենսկու կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է, որ նա հանդիպել է Bechtel-ի, Fluence Energy-ի, GE Vernova-ի, Holtec International-ի, Invenergy-ի, Jacobs-ի, Mercuria-ի, Parsons-ի, TechMet USA-ի, Venture Global-ի և Westinghouse Electric Company-ի ներկայացուցիչների հետ:

Նշվում է, որ այդ ընկերություններից շատերն արդեն իսկ աշխատում են Կիևի հետ և հետաքրքրված են գործընկերության հետագա զարգացմամբ։ 

Զելենսկին ԱՄՆ է ժամանել հոկտեմբերի 16-ին: Հոկտեմբերի 17-ին նրան կընդունի ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը: Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ-ում էր ուկրաինական պատվիրակությունը՝ վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էր նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը: