Ուկրաինան կարող է արագ առաջընթաց գրանցել, եթե...

Հունգարիան, որը դեմ է Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը, արգելափակել է դաշինքի ընդլայնման գործընթացի վերաբերյալ ԵՄ-ի տարեկան հայտարարությունը, հաղորդում է DW-ն։

Պարբերականի տվյալներով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը չի աջակցել Ուկրաինայի եվրաինտեգրման ուղղությամբ առաջընթացի դրական գնահատականին։

Դանիայի եվրոպական հարցերով նախարար Մարի Բյորեն նշել է, որ ԵՄ մյուս երկրները հաստատել են Բրյուսելի պահանջների կատարման գործում Ուկրաինայի առաջընթացը։

«26 անդամ պետությունները Ուկրաինայի նկատմամբ ուժեղ աջակցություն են ցուցաբերում, իսկ Ուկրաինան կատարում է իր պարտավորությունները», - ասաց Բյորեն։

Նա հավելել է, որ Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության նախագծի ձևակերպումները եղել են «արդարացի և համաչափ»։ Գերմանիայի Եվրոպայի հարցերով նախարար Գյունտեր Կրիխբաումը Հունգարիայի գործողություններն անվանել է «ավելի ու ավելի կործանարար» և մեղադրել Բուդապեշտին ԵՄ որոշումները արգելափակելու մեջ։

Հունգարիայի վետոն նշանակում է, որ Ուկրաինան դեռևս չի կարող սկսել ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական բանակցությունները։ Միևնույն ժամանակ, շարունակվում են անդամակցության պայմանների շուրջ ոչ պաշտոնական խորհրդակցությունները, նշել է Բյերեն։

«Սա Ուկրաինային կոնկրետ ցուցումներ է տալիս այն մասին, թե ինչպես իրականացնել բարեփոխումները և ինչպիսի արդյունքներ են ակնկալում անդամ պետությունների մեծամասնությունը», - պարզաբանել է նախարարը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ Կիևը կկարողանա արագ առաջընթաց գրանցել, եթե Հունգարիան հանի իր վետոն։

Բացի Ուկրաինայի գնահատականից, ԵՄ ընդլայնման վերաբերյալ հայտարարությունը պարունակում էր բալկանյան վեց երկրների, ինչպես նաև Թուրքիայի, Մոլդովայի և Վրաստանի առաջընթացի վերլուծությունը։

Եվրահանձնաժողովի վերջին վերլուծության համաձայն՝ անդամակցության գործընթացում ամենամեծ առաջընթացը ցույց է տվել Չեռնոգորիան. երկիրը կարող է ավարտել բանակցությունները մինչև 2026 թվականի վերջը, եթե պահպանվեն բարեփոխումների ներկայիս տեմպերը։ Ալբանիայի համար բանակցությունների ավարտը կանխատեսվում է մինչև 2027 թվականի վերջը։