
Ուկրաինայի բնակիչները հավաքվել են երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու շուրջ՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հրապարակային վիճաբանությունից հետո, գրել է բրիտանական Financial Times թերթը Ուկրաինայի մասին մեծ հոդվածում։ Վիճաբանությունից հետո Զելենսկու վարկանիշը, որը լայնամասշտաբ պատերազմի ընթացքում անշեղորեն նվազում էր, բարձրացել է։ Թերթը մեջբերել է ուկրաինացի զինվորական բուժաշխատողի կարծիքը. «Ես նրա օգտին չեմ քվեարկել։ Բայց ես նրան կաջակցեմ, քանի դեռ պատերազմը շարունակվում է։ Մենք կարող ենք ծիծաղել նրա վրա: Բայց կողմնակի անձանց համար սա թույլատրելի չէ»։ Ուկրաինացի պաշտոնյաները, ինչպես նշել է FT-ն, Օվալաձեւ գրասենյակում տեղի ունեցած վիճաբանությունն անվանում են Մոսկվայից ներշնչված ապակայունացման արշավ, որը կոչված է «հատկապես ծանր պահին ուկրաինական հասարակության մեջ պառակտում սերմանելուն»։ Թրամփի հետ վիճաբանությունից հետո քաղաքական հակառակորդները հրապարակավ աջակցել են Զելենսկուն, սակայն իրականում պատրաստվում են նախագահական ընտրություններին, նշել է պարբերականը։ Ուկրաինացի որոշ քաղաքական գործիչներ սկսել են համագործակցել Թրամփի վարչակազմի հետ։Կիեւի քաղաքական շրջանակներում քննարկում են, թե որքան ժամանակ կարող է Զելենսկին մնալ նախագահի պաշտոնում։ «Մենք գտնվում ենք [Զելենսկու նախագահության] վերջնական փուլում։ Եվ պատերազմի թեժ փուլում»,- FT-ին ասել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում: