Թղթային ծանուցումների ընդհանուր ծախսը բազմամի...

Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց տվյալներ պետական համակարգում թղթային ծանուցումների վրա կատարվող ծախսերի վերաբերյալ։

«Մենք փորձել ենք հաշվարկել, թե որքան է պետբյուջեից ծախսվում թղթային ծանուցումների վրա։ Օրինակ՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների մասով 2024 թվականին ծախսվել է 653 միլիոն 276 հազար դրամ։ Այս տարվա բյուջեով այդ ծախսային տողը կրճատվել է մոտ 100 միլիոնով։ Նույնը վերաբերում է նաև մյուս պետական մարմիններին, որտեղ ևս կատարվել են կրճատումներ։ Սակայն ծախսերը ամբողջությամբ չեն վերանում, քանի որ դեռևս գործում է հիբրիդ փոստային առաքման տարբերակը։ Դատական դեպարտամենտի ծախսը, օրինակ, 2024 թվականին կազմել է շուրջ 1 միլիարդ դրամ»,- նշեց նախարար Գալյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ թղթային ծանուցումների ընդհանուր ծախսը բազմամիլիարդ է։ «Մենք նախկինում քննարկումներ ունեցել ենք։ Տարվա առանձնահատկություններից կախված՝ լինի ընտրություն, թե ոչ, 4-5 միլիարդ դրամ նվազագույնը ծախսվում է թղթային ծանուցումների վրա»,-ասաց վարչապետը։