Թուրքիայում մի շարք սուպերմարկետների ցանցեր քվոտաներ են սահմանել այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են ալյուրը, կարագը եւ կաթը, քանի որ գները շարունակում են աճել տնտեսական ցնցումների ֆոնին, գրում է Karar թերթը։
Ստամբուլի մթերային խանութները յուրաքանչյուր հաճախորդի համար երկու տուփ կաթի սահմանափակում են մտցրել, մինչդեռ տարբեր այլ սահմանափակումներ կկիրառվեն հիմնական սննդամթերքների համար, ինչպիսիք են կարագը եւ ալյուրը:
Այս միջոցառումներն ընդունվել են այն բանից հետո, երբ հոկտեմբերի վերջից լիրան դոլարի նկատմամբ 30 տոկոսով անկում է ապրել:
Ըստ պաշտոնական տվյալների՝ նոյեմբերին երկրում ինֆլյացիան տարեկան կտրվածքով աճել է մինչեւ 20,7 տոկոս, իսկ պարենային ապրանքների գները աճել են միջինը 27,1 տոկոսով:
Թուրքական արժույթն այս տարի կորցրել է իր արժեքի մոտ 40 տոկոսը, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է պնդել փոխառությունների գները ցածր պահելու իր անսովոր տնտեսական քաղաքականությունը:
«Կան ձեթի եւ ծխախոտի քվոտաներ»,- ասել է Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող մթերային խանութի աշխատակիցը: «Օրինակ, 5 լիտրանոց 2 տուփից ավելի ձեթ չեք կարող գնել։ Մեր նպատակն է կարողանանք ապրանքներ վաճառել յուրաքանչյուրին եւ երբեք չմերժել հաճախորդներին»։