Թուրքիան քրդական ուժերից պահանջել է ինտեգրվել...

Թուրքիայի զինված ուժերը Սիրիա են մտել երեք ուղղություններից՝ Աֆրինից, Ռաս ալ Այնից և հյուսիսային Հալեպի շրջանից։ Ըստ աղբյուրների՝ թուրքական ստորաբաժանումների հարձակման հիմնական ուղղությունը Մանբիջի գիծն է:

Ի պատասխան Թուրքիայի գործողությունների՝ պաշտոնական Դամասկոսը լրացուցիչ ուժեր է ուղարկել Դեր Զորի շրջան, որը ներկայումս վերահսկում են քրդական՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը (ՍԴՈՒ):

«Եթե ՍԴՈՒ-ն չկատարի այս տարվա մարտի 10-ին Դամասկոսի կառավարության հետ ձեռք բերված համաձայնագիրը, որը նախատեսում է ՍԴՈՒ-ի ինտեգրումը սիրիական բանակին, Սիրիայի կառավարական ուժերը ռազմական գործողություններ կսկսեն նրանց դեմ՝ ստանալով Թուրքիայի աջակցությունը: Մենք կտրականապես մերժում ենք «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» ներկայացվածությունը Դամասկոսի կառավարության ղեկավարության կազմում։ Նրանք 25 օր ունեն այս պահանջները կատարելու համար»,- ասված է հայտարարության մեջ, որը ներկայացնում են թուրքական լրատվամիջոցները:

Սակայն ՍԴՈՒ-ն, որի միջուկը կազմված է քրդական YPG/PKK-ի զինյալներից, պահանջել է ճանաչել երկրի հյուսիսում գործող փաստացի քրդական վարչակազմը և ընդունելի է համարել իր մուտքը սիրիական բանակ միայն սեփական հրամանատարության ու կառույցների պահպանման դեպքում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը վերջերս Reuters-ին ասել է, որ Սիրիայում կայունությունը հնարավոր է միայն միասնական բանակի և կենտրոնացված հրամանատարության միջոցով, հետևաբար Թուրքիան չի աջակցի զուգահեռ ուժերի գոյությանը, որոնք կարող են սպառնալ ազգային անվտանգությանը։