Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչների կողմից բարձրացված հարցերը մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում են, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
«Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին մինչև այսօրվա ակցիան էլ տեղեկացված է թե՛ Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ և թե՛ Պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումը։
Այսօր բնակիչների կողմից ճանապարհ փակելու առաջին իսկ պահից մինչև այժմ ուշադրությամբ հետևում ենք ներկայացվող պահանջներին և ուղիղ կապի մեջ ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչները նաև կապի մեջ են տեղում գտնվող առանձին բնակիչների հետ։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր անմիջական ուշադրության ներքո պահել բնակիչների բարձրացված խնդիրները և իր իրավասության սահմաններում աջակցելու է ստեղծված իրավիճակի լուծմանը», - գրել է պաշտպանը։