
«Պետք է ծխելու դեմ պայքարը շարունակել, բայց պետք է նաև զգույշ լինենք, որ ծխելու դեմ պայքարը չվերածվի ծխողների դեմ պայքարի»,- Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Նա առանձնացրեց այն դրույթները, որոնք ըստ նրա՝ օրինագծում չպետք է տեղ գտնեն։
«Օրենքով նախատեսվում էր արգելել հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի վաճառքը, քանի որ մենք քննարկում ենք ունեցել և կարծիք հայտնել, որ դա կարող է հետևանք ունենալ, որ մարդիկ կարող են ծխախոտը ստվերային վաճառել, այսինքն՝ մատուցողները իրենց գրպանից ծխախոտ վաճառեն, որոշել ենք այդ կետը հանել։ Կիսափակ տարածքների դրույթը նույնպես հանել ենք։ Քանի որ ծխախոտի տուփերի դիզայնի և ցուցադրության հետ կապված մտահոգություններ են հայնտել օդանավակայանի անմաքս խանութների ներկայացուցիչները, որովհետև նրանք այլ մեխանիզմներով են աշխատում, նրանց վրա այդ նույն կանոնները տարածելը անիմաստ է դարձնելու նրանց գործունենությունը, որոշել ենք բացառություններ սահմանել անմաքս խանութների վերաբերյալ՝ կապված ծխախոտի ցուցադրության և տուփերի դիզայնի»,- թվարկեց Բաբկեն Թունյանը։