
Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները համատեղ աշխատանքներ են իրականացրել և իրականացնում՝ TRIPP նախագծի (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման) կյանքի կոչման ուղղությամբ:
Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Երկաթուղու այն հատվածը, որն անցնելու է Հայաստանի հարավով, կոչվելու է TRIPP, իր հստակ անվանումն ու սկզբունքներն ունի: Այդ սկզբունքներն են տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ինքնիշխանությունը, երկրների իրավազորությունը այդ ենթակառուցվածքների նկատմամբ, և, իհարկե, փոխադարձությունը: Երբ կունենանք վերջնական ամբողջական պատկերացում, կհանրայնացնենք դրանք: Մանրամասները դեռ պիտի հստակեցվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև»,- ասաց Միրզոյանը:
Արարատ Միրզոյանն ընդգծեց՝ TRIPP-ի վերաբերյալ այս պահին համաձայնեցված է այն, ինչը հրապարակված է:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։