ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստիպված կլինի զրպարտության համար դատական հայց հարուցել բրիտանական BBC հեռարձակման կորպորացիայի դեմ Panorama հաղորդման ընթացքում իր ելույթի խմբագրման հետ կապված սկանդալի պատճառով։ Այս մասին Թրամփն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ ստիպված կլինեմ։ Ինչո՞ւ ոչ։ Որովհետև նրանք մոլորության մեջ են գցել հանրությանը։ Եվ նրանք դա խոստովանել են», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
«Նրանք իսկապես փոխել են հունվարի 6-ի իմ ելույթը, որը գեղեցիկ ելույթ էր, հանդարտեցնող ելույթ էր, իսկ նրանք այնպես են արել, որ այն արմատական հնչի։ Կարծում եմ՝ ես պարտավոր եմ դա անել, որովհետև չի կարելի մարդկանց թույլ տալ այդպես վարվել», - հավելել է Թրամփը։
BBC-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփը սպառնացել է 1 միլիարդ դոլարի չափով հայց ներկայացնել, եթե կորպորացիան մինչև նոյեմբերի 14-ը չհեռացնի ԱՄՆ ղեկավարի խմբագրված ելույթով թողարկումը: Պահանջը վերաբերում է մեկ ժամ տևողությամբ Panorama հաղորդմանը, որը BBC-ն եթեր է հեռարձակել 2024 թվականի հոկտեմբերին: Այնտեղ 2021 թ. հունվարի 6-ի Թրամփի ելույթը մոնտաժվել է այնպես, որ կարելի է եզրակացնել, թե նա, իբրև, կոչ է անում գրավել ԱՄՆ Կոնգրեսի շենքը, թեև իրականում նա խոսել է խաղաղ միջոցներով քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտության մասին:
Մոնտաժված հատվածից անմիջապես հետո BBC-ն ցուցադրել է մարդկանց կադրեր, որոնք գնում են դեպի Կոնգրեսի շենք, ինչի պատճառով ստեղծվում է տպավորություն, թե նրանք հետևում են Թրամփի կոչին: Իրականում այդ կադրերը նկարահանվել են նախքան այն պահը, երբ Թրամփը սկսել է ելույթը Վաշինգտոնում իր հազարավոր կողմնակիցների առջև:
Այս սկանդալի հետևանքով հրաժարական են տվել BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին, ինչպես նաև լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսը: BBC-ի կառավարիչների խորհրդի նախագահ Սամիր Շահը հրապարակավ ներողություն է խնդրել այդ «սխալ որոշման» համար:



