Թրամփը մաքսատուրքերն անվանել է «հարստության ա...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է բոլոր ամերիկացիներին, բացառությամբ բարձր եկամուտ ունեցող մարդկանց, 2 հազարական դոլար վճարել՝ որպես մաքսատուրքերից շահաբաժիններ, որոնք նա սահմանել է աշխարհի գրեթե բոլոր երկրների համար: «Այն մարդիկ, ովքեր դեմ են սակագներին, հիմարներ են։ Հիմա մենք աշխարհի ամենահարուստ, ամենահարգված երկիրն ենք։ < ... > ԱՄՆ-ում ռեկորդային ներդրումներ են կատարվում, ամենուր կառուցվում են գործարաններ և արտադրամասեր: Յուրաքանչյուրին կվճարվի առնվազն 2000-ական դոլլար շահաբաժին։»,- գրել Է Թրամփը իր Truth Social սոցցանցում։ Նա նշել է, որ մաքսատուրքերի շնորհիվ ԱՄՆ-ն տրիլիոնավոր դոլարներ է ստանում և շուտով կվճարի 37 տրլն դոլարի չափով իր պետական պարտքը։

Թրամփի հայտարարությունից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պարզաբանել է, որ 2 հազար դոլարի չափով շահաբաժինները յուրաքանչյուր անձի համար կարող են տրամադրվել տարբեր եղանակներով, այդ թվում՝ հարկային արտոնությունների միջոցով։ «Չեղարկել թեյավճարների հարկը, չեղարկել արտաժամյա աշխատանքի հարկը, չեղարկել սոցիալական ապահովության հարկը, ապահովել ավտովարկերի գծով նվազեցման հնարավորություն»,- թվարկել է Բեսենթը։ Նա նաև հավելել է, որ դեռ չի քննարկել այս հարցը նախագահի հետ։

2025 թվականի ապրիլի սկզբին Թրամփը հայտարարել է 211 պետություններից և տարածքներից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Դրանցից 86-ի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացվել են մինչև 11-50%։ Սակայն մեծամասնության համար սահմանվել է 10% բազային մաքսատուրք։ Սպիտակ տան ղեկավարը դա բացատրել է նրանով, որ ԱՄՆ-ը «ենթարկվել է թալանի, բռնության և գողության՝ մոտիկ ու հեռու ազգերի, ինչպես ընկերների, այնպես էլ թշնամիների կողմից»։ Դրանից հետո նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը բարձրացված մաքսատուրքերի հաշվին օրական ստանում է 2 միլիարդ դոլար։

Օգոստոսին Թրամփը ներմուծման մաքսատուրքեր սահմանելու մասին նոր հրամանագիր է ստորագրել։ Երկրների մեծամասնությունը ստացել է 10–15% բազային դրույքաչափ, իսկ ամենաբարձր սակագները սահմանվել են Սիրիայի, Լաոսի, Մյանմայի, Շվեյցարիայի և այլոց համար։ Միևնույն ժամանակ, Թրամփը մյուս երկրներին առաջարկել է ակտիվորեն գործարքներ կնքել, որոնք թույլ կտան նվազեցնել սակագները։ Այսպես, ԱՄՆ-ը հասցրել էր առևտրային գործարքներ կնքել յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Ֆիլիպինների, Վիետնամի և Ինդոնեզիայի հետ։ 15-20% մաքսատուրքերի կրճատման դիմաց այս երկրները համաձայնել են զգալի ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում, գնել ամերիկյան ապրանքներ և էներգետիկ ռեսուրսներ, ինչպես նաև քաղաքական և ռազմական համագործակցություն: