
Կանադան «շատ լուրջ հավակնորդ» կլիներ Միացյալ Նահանգներին միանալու համար: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ ստորագրելով ներմուծման համընդհանուր պատասխան տուրքեր սահմանող գործադիր հրամանը։
«Կարծում եմ՝ Կանադան շատ ուժեղ հավակնորդ կլինի մեր 51-րդ նահանգը դառնալու համար»,- ասել է ամերիկացի առաջնորդը։ Դրանով նա հերթական անգամ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին անվանել է «նահանգապետ Թրյուդո»:
«Նրանք չունեն ռազմական պաշտպանություն»,- ասել է Թրամփը կանադացիների մասին։ «Նրանք մեր պաշտպանության կարիքն ունեն»,- ասել է Թրամփը։ «Կանադան շատ վատ է վարվել մեզ հետ առևտրի հարցում: Բայց հիմա Կանադան ստիպված կլինի վճարել»,- շարունակել է Թրամփը։
«Նրանք կարծում են, որ մենք իրենց պաշտպանելու ենք մեր զինված ուժերով, և դա անարդար է»,- նշել է նախագահը։ Նրա գնահատմամբ՝ «Կանադայի հետ կապված իրավիճակը շատ հետաքրքիր կլինի»։ «Որովհետև, գիտեք, մեզ պարզապես պետք չեն նրանց արտադրանքը: Եվ նրանք գոյատևում են պարզապես այն պատճառով, որ մենք վերցնում ենք նրանց արտադրածի 95 տոկոսը»,- հավելել է Թրամփը։
Կանադայի իշխանությունները նախկինում բազմիցս մերժել են ԱՄՆ-ին միանալու հնարավորությունը։ Ինչպես հունվարի 12-ին ասել է Թրյուդոն, Կանադան երբեք չի լինի ամերիկյան 51-րդ նահանգը։