Եվրոպայում անհանգստություն է աճում Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից առաջ: Աղբյուրները Bild-ին հայտնել են, որ մի քանի եվրոպական կառավարություններ վախենում են, որ Թրամփը կարող է հայտարարել իր ղեկավարությամբ և ՄԱԿ-ին այլընտրանք հանդիսացող նոր միջազգային մարմնի ստեղծման մասին:
Խոսքը վերաբերում է այսպես կոչված «Խաղաղության խորհրդին», որի մասին Թրամփն ազդարարել էր Գազայի վերաբերյալ իր ծրագրի շրջանակներում։ Սկզբնապես այս մարմինը պետք է զբաղվեր Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերահսկողությամբ, սակայն արտահոսած կանոնադրության մեջ այդ թեման գրեթե անհետացել է։ Փոխարենը հայտնվել է շատ ավելի լայն նպատակադրում՝ «խաղաղության ապահովում այն տարածաշրջաններում, որոնք տուժել են կամ գտնվում են հակամարտությունների սպառնալիքի տակ»։
Ընդ որում, ինչպես պնդում են աղբյուրները, Թրամփը իրավունք կստանա միանձնյա գլխավորել խորհուրդը և նույնիսկ ինքնուրույն որոշել իր իրավահաջորդին:
Եվրոպայում մտավախություններն ուժգնանում են նաև հրավիրյալների կազմի պատճառով: Հրավերներ են ստացել, մասնավորապես, Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Չինաստանը և Ռուսաստանը: Իրենց համաձայնությունն արդեն տվել են Արգենտինան, Հունգարիան, Ալբանիան, Բելառուսը, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
ԵՄ-ում, ըստ աղբյուրների, վախենում են, որ մասնակցությունից հրաժարվելը կարող է հարուցել Թրամփի զայրույթը և հանգեցնել նոր պատժամիջոցների, իսկ մասնակցությունը կարող է բերել ազդեցության կորստի, եթե ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը համաձայնությունների գան՝ առանց եվրոպացիների:



