
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպումը՝ պատճառաբանելով դա դիվանագիտական ջանքերում առաջընթացի բացակայությամբ։ Նա տեղեկացրել է նաև, որ Ուկրաինայի դեմ պատերազմը շուտափույթ ավարտելու նպատակով ամերիկյան կողմը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների նկատմամբ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը մասնավորապես ասել է․«Մենք չեղարկեցինք հանդիպումը նախագահ Պուտինի հետ։ Ինձ համար դա պարզապես ճիշտ չէր թվում։ Կարծում եմ՝ մենք չէինք ունենալու ակնկալվող արդյունքը։ Այդ պատճառով ես չեղարկեցի այն, սակայն մենք կհանդիպենք ապագայում»։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպումը ծրագրվում էր իրականացնել Հունգարիայում։
ԱՄՆ նախագահը իր դժգոհությունն է հայտնել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելուն ուղղված բանակցությունների ընթացքից՝ նշելով․ «Անկեղծ ասած, ամեն անգամ երբ խոսում եմ Վլադիմիրի հետ, մենք լավ զրույց ենք ունենում, սակայն դրանք որևէ արդյունքի չեն տանում։ Դրանք պարզապես որևէ արդյունք չեն ունենում»։
Պատասխանելով հարցին, թե արդյոք կարծում է, որ ՌԴ նախագահ Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը՝ Թրամփն ասել է․ «Կարծում եմ՝ նրանք երկուսն էլ ցանկանում են, որ խաղաղություն հաստատվի»։
Թրամփ-Պուտին հանդիպման չեղարկման մասին լուրը հայտնի դարձավ այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգները հայտարարեց ռուսական երկու նավթ արդյունահանող ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկոյլ»-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին։
Ինչպես հաղորդում է CNN-ը, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է, որ «ժամանակն է դադարեցնել սպանությունները և անհապաղ դադարեցնել կրակը»։
«Հաշվի առնելով նախագահ Պուտինի հրաժարումը դադարեցնել այս անիմաստ պատերազմը, Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների նկատմամբ, որոնք ֆինանսավորում են Կրեմլին», - ասել է նա։