Թրամփը դիմել է արաբական երկրներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է արաբական երկրներին՝ կոչ անելով մասնակցել Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ Աբրահամյան համաձայնագրերին։ Այս մասին նա ասել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում հոկտեմբերի 13-ին կայացած գագաթնաժողովի ժամանակ:

«Հուսով եմ, որ բոլորը կմիանան Աբրահամյան համաձայնագրերին…. Այժմ շատերը, նույնիսկ այսօր, խոսում են այն մասին, որ հարկավոր է, որ բոլորը միանան իրար։ Շատ շատերն են ինձ հետ խոսել այս մասին», - Թրամփի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ այն երկրները, որոնք արդեն ստորագրել են համաձայնագիրը, օգուտ են ստացել։

«Հուսով եմ, որ հիմա բոլորը կմիանան։ Այժմ արդարացումներ չկան. նրանք այլևս չկան՝ նկատի առնելով Գազան և Իրանը», -նշել է Թրամփը։

Նրա խոսքով՝ այժմ կարելի է «կառուցել մի տարածաշրջան, որը ուժեղ, կայուն, բարգավաճ և միասնական կլինի ահաբեկչությունից վերջնականապես հրաժարվելու հարցում»։

Հոկտեմբերի 13-ին ավելի վաղ Թրամփը նաև պատրաստակամություն է հայտնել փոխգործակցել Իրանի հետ՝ նշելով, թե Թեհրանը ձգտում է բարելավել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ կցանկանար չեղարկել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, բայց դա չի կարելի անել առանց երկխոսության և զիջումների հարցում Թեհրանի պատրաստակամության։

Հարաբերությունների կարգավորման շուրջ Աբրահամյան համաձայնագրերը կնքվել են 2020 թվականին՝ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում Իսրայելի և արաբական երեք երկրների՝ Բահրեյնի, ԱՄԷ-ի և Մարոկկոյի միջև՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ: 2021 թ. հունվարին համաձայնագրերին միանալու գործընթաց է սկսել Սուդանը, սակայն այդ գործընթացը դեռևս լիովին չի ավարտվել: Մի քանի արաբական երկրներ ևս քննարկել են այս համաձայնագրերին միանալու հնարավորությունը, սակայն 2021 թվականին Սպիտակ տանը վարչակազմի փոխվելու պատճառով գործընթացը կասեցվել է: