ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է «խոշոր գործարք» կնքել Իրանի հետ, որի դեպքում երկիրը «կբարգավաճի»: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Turning Point USA (TPUSA) միջոցառման ժամանակ։
«Թրամփը փոքր գործարք չի ցանկանում։ Նա ցանկանում է խոշոր գործարք։ Ըստ էության, նա շատ պարզ բան է առաջարկում Իրանին…. Եթե դուք պատրաստ եք վարվել ինչպես նորմալ պետություն, մենք պատրաստ ենք տնտեսական առումով ձեզ հետ վարվել՝ ինչպես նորմալ պետության», - ասել է Վենսը միջոցառման ժամանակ, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։
Նրա խոսքով՝ պատճառներից մեկը, որ Պակիստանում հնարավոր չի եղել համաձայնության հասնել, այն է, որ ԱՄՆ նախագահը «փոքր գործարք չի ցանկանում»՝ չնայած «մեծ առաջընթաց» է ձեռք բերվել։
«Պատճառը, որ դեռևս գործարք չի կնքվել, այն է, որ նախագահն իսկապես ցանկանում է այնպիսի գործարք, որի դեպքում Իրանը չի ունենա միջուկային զենք, Իրանը չի լինի այնպիսի պետություն, որը հովանավորում է ահաբեկչությունը, և միևնույն ժամանակ Իրանի ժողովուրդը կկարողանա բարգավաճել, բարօրության մեջ ապրել և միանալ համաշխարհային տնտեսությանը։ Եվ սա այն գործարքն է, որը նա առաջարկում է», - նշել է Վենսը։
Նա հավելել է, որ լավատեսորեն է տրամադրված նման գործարքի հնարավորության նկատմամբ, չնայած երկրների միջև առկա անվստահությանը։
Վենսն այն կարծիքին է, որ պատվիրակությունները, որոնք Իսլամաբադում էին, «ցանկանում են գործարք կնքել», չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև տասնամյակներ շարունակվող «անվստահությանը»։
«Մենք կշարունակենք բանակցությունները և կաշխատենք, որ դա իրականացվի», - եզրափակել է ԱՄՆ փոխնախագահը։



