ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ պաշտոնավարման առաջին տարում ավարտին է հասցրել 8 պատերազմ։ Սակայն նրա խաղաղության համաձայնագրերից մի քանիսը գործնականում մեծապես անարդյունավետ են եղել։ Պատերազմները դադարեցնելու և կարգուկանոն հաստատելու վերաբերյալ Թրամփի հռետորաբանությունը, ըստ երևույթին, «ծուխ ու հայելիներ» (աչքակապություն) է, գրում է Deutsche Welle-ն։
Ըստ պարբերականի՝ միակ հակամարտությունը, որի լուծման հարցում Թրամփի վարչակազմը կարող է հայտարարել իր աջակցության մասին, Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճն է, որտեղ ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությունը փաստացիորեն հանգեցրել է գրեթե 40-ամյա լարվածության ավարտին։
«Այն, ինչ նա անվանում է խաղաղություն, հիմնականում ժամանակավոր հրադադարներ են, կարգավորման համաձայնագրեր կամ մամուլի ասուլիսների ժամանակ հռչակված հաղթանակներ, որոնք անտեսում են հակամարտության բուն պատճառները»,- հայտարարել է ԱՄՆ-ում գործող «Code Pink» հակապատերազմական խմբի հիմնադիր Մեդեա Բենջամինը:
«Դրանք ոչ թե երկարաժամկետ խաղաղության համաձայնագրեր են, այլ կարճաժամկետ քաղաքական որոշումներ, որոնք հետաձգել են, այլ ոչ թե կանխել պատերազմի վերսկսումը»,- նշել է նա DW-ի հետ զրույցում:
Լիսաբոնի համալսարանական ինստիտուտի (ISCTE-UL) հետազոտող Էուժենիու Կոշտա Ալմեյդան կարծում է, որ Թրամփի՝ որպես դիվանագետի դերում առկա է մի մարտավարություն, որը դուրս է գալիս անձնական հեղինակության շրջանակներից և գործում է «աշխարհաքաղաքական ռազմավարության տրամաբանության, տնտեսական շահերի և անձնական ու ընտրական առաջնորդության հաստատման հատման կետում»։



