ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարություն է տարածել.
«1999 թվականին Հեյդար Ալիևն առաջարկում է փոխանակել Մեղրին Արցախի հետ, իսկ արդեն 2001-ին Մինսկի Խմբի համանախագահների կողմից ներկայացված պաշտոնական փաստաթղթով Քի Վեսթում առաջարկվում էր Արցախի միավորում Հայաստանին։
Ընդ որում, շեշտեմ, այդ թղթում Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին տառ անգամ չկար, Ադրբեջանին ընդամենը ճանապարհ էր տրվում դեպի Նախիջևան։
«Ազատության» նյութից տպավորություն է ստեղծվում, թե նախագահ Քոչարյանը Մեղրին տալիս էր իսկ Հեյդար Ալիևի պես փորձառու և հմուտ քաղաքական գործիչը հրաժարվում էր այն վերցնել․ սա առնվազն ծիծաղելի է, եթե չասեմ՝ անարգանք և ծաղր սեփական ունկնդրի մտավոր ունակությունների հանդեպ»:
Հիշեցնենք, որ Ազատությունը հոդված է հրապարակել՝ գրելով. ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության են եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը՝ տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին՝ Ղարաբաղի դիմաց։