Թող Երեւանն ու Բաքուն հարաբերություններ հաստա...

Թող Երեւանն ու Բաքուն հարաբերություններ հաստատեն։ Բայց սա ոչ մի կերպ չպետք է ազդի Ղարաբաղի վրա։ Այս մասին ապրիլի 14-ին Ղարաբաղի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Ղարաբաղը, նրա խոսքով, կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ «Մենք ունենք մեր սեփական պատմական տարածքը, եւ այս տարածքում ապրելու մեր իրավունքն անձեռնմխելի է»,- ընդգծել է Բաբայանը։

Նա նաեւ մեկնաբանել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունը, որը խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը «կարեւոր եւ հեռատեսական» էր անվանել։ «Սա ոչ թե արդարության եւ արժեքների վրա հիմնված դիրքորոշում է, այլ աշխարհաքաղաքական թրենդ։ Սա նրա անձնական դիրքորոշումն է եւ որոշակի ուժերի դիրքորոշումը։ Բայց դա ամենեւին չի նշանակում, որ այդ դիրքորոշումը որոշիչ է»,- ասել է ԱԳ նախարարը։