Տոկիոյի Օլիմպիական խաղերին ՀԱՕԿ-ը սպիտակ քարտ...

«Մեր մարզիկները ուսումասիրել, ծանոթացել են իրենց ապագա մրցակիցներին, մարզիչներիի ղեկավարությամբ վերլուծել են նրանց հնարավորությունները՝  առավելություններն ու թերությունները: Այսքանը սակայն բավարար չէ օլիմիպիական խաղերում հաջողության հասենելու համար»,- այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ)  արտահերթ գլխավոր ասամբլեայի ընթացքում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների մասին ասաց զեկուցող, ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը:

«Առաջարկում եմ ֆեդերացիաներին մեկամսյա ժամկետում ՀԱՕԿ-ին տրամադրել աշխատանքային ծրագրեր, դրանցում պետք է նշված լինեն նաև ուսումնամարզական հավաքների կազմակերպման և վարկանիշային մրցույթներին մասնակցելու ծրագրերի մասին: Հարկավոր է նաև այլ երկրների հավաքականնների հետ հանդիպումներ կազմակերպել՝  փորձի փոխանակման նպատակով»,- ասաց նա:

Գրիգորյանի ելույթի վերաբերյալ ՀԱՕԿ ներկա անդամներից հարցեր չհնչեցին, սակայն ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրեց՝  Օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստում որոշում կկայացվի հրաժարվել սպիտակ քարտերի «օգնությունից», քանի որ պատմական հետհայացք նետելով, պետք է փաստենք՝ մենք այսօր այնպիսի վիճակում ենք, որ միայն մասնակցությունը, մեղմ ասած, քիչ է:

Արմեն Գրիգորյանն էլ դիտարկում արեց՝ միայն մասնակցությունը մեզ այլևս չի գոհոցնում, գոհացնում է արդյունքը: 

«Ավելի լավ է գնալ 10-12 մասնակիցներով, արդյունք գրանցել, քան սպիտակ քարտերով՝  ուղղակի ցույց տալու, որ երկիրը մեծ մասնակցություն ունի»,- պատասխանեց Ռոստոմյանը: 

Ասամբլեային ներկա չէր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ երկրից չլինելու պատճառով: