Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեկ տարի շարունակ համոզում է հասարակությանը, որ պետք է պատժել նախկին «հանցավոր իշխանության» ներկայացուցիչներին, որոնք 20 տարի շարունակ «թալանել», «կեղեքել» և «ստրկացրել» են հանրությանը։ Իշխանափոխությունից երեք ամիս անց վարչապետ Փաշինյանը խոստանում էր անձամբ «կամուֆլյաժ հագնել» և հատ առ հատ պատժել «հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչներին։ Փաշինյանը խոստանում էր, որ մեկ տարում պետական բյուջե կվերադարձնեն ավելի քան 800 մլն դոլար։
Հասկանալու համար, թե ինչու՞ մեկ տարուց ավել հնչող հայտարարություններին լուրջ քայլեր չեն հետևում, և, ըստ էության, թալանչիները, ժողովրդին կեղեքողները անպատիժ են մնացել, իսկ միլիոնավոր դոլարները շարունակում են մնալ նրանց ձեռքում, պետք է նախևառաջ հասկանալ, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը, երբ հայտարարում էր՝ «հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներ»։
Փաշինյանի համար հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներ չեն Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը, Լևոն Երանոսյանը, Վովա Գասպարյանը, «Վովայի» Արշակը, «Թոխմախի» Մհերը, «Նեմեց» Ռուբոն, «Սասի» Արտակը, Աղվան Հովսեփյանը, Սամվել Ալեքսանյանը, Հունան Պողոսյանը և այլք։ Այս անձինք, չնայած իրենց գործած հանցագործություններին, որոնց մասին տարիներ շարունակ խոսել է նաև Փաշինյանը, իշխանափոխությունից հետո քաղաքական հայտ չեն ներկայացրել և, ըստ էության, աջակցում են Փաշինյանի իշխանությանը։ Նրանք ինչ-որ իմաստով նաև վարչապետ Փաշինյանի դաշնակիցներն են, քանի որ ընդունել են այն խաղի կանոնները, որոնք թելադրվում են վերևից։ Այս անձանից որոշները այնքան են հարմարվել նոր իշխանություններին, որ անգամ կարևոր ընդունելությունների են արժանանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար «հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչներ են Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Հրայր Թովմասյանը, Արփինե Հովհաննիսյանը և բոլոր այն ՀՀԿ-ական քաղաքական դեմքերը, որոնք, չնայած ճնշումներին ու ահաբեկումներին, շարունակեցին քննադատել Փաշինյանի իշխանությանը։ Այս անձինք չդադարեցին իրենց տեսակետը հայտնել անգամ այն ժամանակ, երբ հասարակության մեծ մասը էյֆորիայի մեջ էր։ Իհարկե, նրանց շատ քայլեր կարող են սխալ լինել, բայց այսօր խոսքը դրա մասին չէ։
Հիմա, երբ Փաշինյանի վարկանիշը այլևս նախկինը չէ, և հասարակությունը հասցրել է տեսնել նոր իշխանությունների «ամուլ» լինելը, ՀՀԿ-ի քաղաքական դեմքերը առավել վտանգավոր են դառնում։ Ու հասկանալի է, թե ինչու են իշխանությունները առավել բարձր գոռում, որ նրանք «թալանչիներ» ու «հանցագործներ» են։
Պատահական չէ, որ այսօր կարճվում է Լևոն Երանոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Սա ակնարկ է նախկին իշխանության՝ հանցագործությունների մեջ թաթախված դեմքերին, որ ամեն բան ներելի է, եթե իհարկե հավատարմության երդում ես տալիս Նիկոլ Փաշինյանին։
Մի բան ակնհայտ է՝ նոր իշխանությունների նպատակը նախկին անարդարությունների հետևանքների վերացումը չէ, թալանի վերադարձը չէ։ Նրանց միակ նպատակը իշխանության պահպանումն է, որը կարող է լինել նաև նախկին իրական թալանչիների օգնությամբ, որոնք արդեն դաշնակիցներ են։



