
Մենք մի կողմից ասում ենք, որ պայքարում ենք ստվերի դեմ, մյուս կողմից օրենսդրական միջանցքներ ենք ստեղծել ստվերի աճի համար և դրա թիվ մեկ միջանցքը շրջանառության հարկն էր ու շրջանառության հարկի այն տրամաբանությունը, որը մենք ներդրել ենք: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասում ենք հարկը այսքան է, եթե փաստաթղթով ես ձեռք բերում, այ եթե փաստաթղթով չես ձեռք բերում, հարկը այսքան է: Այս համակարգն ինքնին գաղափարական պրոբլեմ է, բայց մի համակարգ ունենալը մի պրոբլեմ է, այդ համակարգը փոխելը կամ այդ համակարգից հրաժարվելը երկրորդ պրոբլեմ է։ Հիմա մենք եկել ենք այն եզրակացության, որ մենք ստվերը խթանող այդ հատվածում պետք է որոշակի գործողություններ անենք և հարկը պիտի ավելացնենք, ստվերի, այսպես ասած գինը բարձրացնելու համար, բայց օրինական հարկը պետք է նվազեցնենք։ Այս շրջանառության հարկի հետ դա է տեղի ունեցել։ Այսինքն, եթե ամեն ինչ օրինական տրամաբանությամբ է գնում, հարկը նվազելու է՝ դառնալով 1%, շրջանառության 1%-ի մասին է խոսքը։ Եվ գիտեք, որ այս ընթացքում որոշակի քննադատություններ եղան, կրքեր բորբոքվեցին, ամենայն հարգանքով, բայց կառավարությունը իր քաղաքական կամքը ցույց տվեց ու արձանագրեց, որ այդ քաղաքական կամքն անբեկանելի է և այլ տարբերակ չկա։ Բայց մյուս կողմից մենք ասացինք, որ սա վնաս հասցնելու ակտ չի, ընդհակառակն, օգնելու, աջակցելու ակտ է, որ բիզնեսն ավելին անելու մոտիվացիաներ ունենա: Բայց մենք ասել ենք, որ մոնիտորինգ կանենք, մենք չենք կարող մարդկանց արձագանքը, մտահոգությունները, մտավախությունները արհամարհել, չնկատել, ասում ենք, եկեք տեսնենք, թե ինչ ընդունելի եղանակ կա, որպեսզի և քաղաքականությունը արձանագրվի, և քաղաքականությունը ներդրվի և իրականություն դառնա։ Դրա համար մենք գնացինք հետևյալ ճանապարհով, ասում ենք, եթե հարկը նախկինում սահմանված վերին շեմից 5% -ից ավել կլինի, մենք այդ ավել մասը կվերադարձնենք քաղաքացիներին, այսինքն տնտեսվարողներին»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ սահմանելու է վեցամսյա անցումային շրջան:
«Մեր սիրելի տնտեսվարողների կարծիքները, մտահոգությունները, նեղվածությունները հաշվի առնելով, վեց ամսյա անցումային շրջան ենք նախատեսում մինչև հուլիսի 1-ը ներառյալ, հինգ տոկոսից ավելի ինչքան հարկ կգոյանա,մենք այդ ամբողջ գումարը կվերադարձնենք տնտեսվարողներին»,- ասաց նա: