Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հայտնում են նախարարությունից:
«Գերմանիայի կառավարությունն ուշադրությամբ է հետեւում տարածաշրջանային իրադարձություններին եւ Եվրոպական Միության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունների մեղմման գործընթացում».- իր խոսքում ընդգծել է դեսպանը:
Նախարար Խաչատրյանը, բարձր գնահատելով ԳԴՀ ցուցաբերած ֆինանսական, մեթոդաբանական եւ խորհրդատվական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, մեծապես կարեւորել է նոր նախատեսվող եւ արդեն իսկ ընթացիկ ծրագրերը, հատկապես ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ ջրային տնտեսության ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են փոխգործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման եւ կայուն գործընկերային կապերի հաստատման հարցում: