Տիգրան Ավինյանը՝ սահմանային լարվածության մասի...
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ սահմանայնին լարվածությունները, կան, առկա են, և դրանք ստեղծում է ադրբեջանական կողմը։ «Կարծում եմ՝ սա շատ կարևոր արձանագրում է, որ մենք պետք է ֆիքսենք։ Երբ փորձում ենք այլ մեղավորներ փնտրել, դա մեզ շատ սխալ տեղ է տանում։ Արձանագրումը, որ ադրբեջանական կողմն է հաճախակիորեն լարվածություններ ստեղծում սահմանին, շատ կարևոր է, որ ինքներս հասկանանք, ընդունենք, ինչպես նաև համոզենք մեր միջազգային գործընկերներին»,-ասաց նա։
Փոխվարչապետի ժպ-ն հավելեց, որ բոլոր նմանատիպ սահմանային լարվածություններին պետք է տալ սիմետրիկ, հնարավորինս զսպված պատասխաններ, բայցև հասկանալ, որ սահմանային անվտանգության պահպանումը մեր ԶՈւ-ի, սահմանապահ զորքերի պարտականությունն է։
Անդրադառնալով սահմանազատմանը, փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց․ «Վաղ թե ուշ, ինչ-որ մի օր անպայմանորեն մեր սահմաններին սահմանագծում և սահմանազատում պետք է տեղի ունենա մեր բոլոր հարևանների հետ, բայց շատ կոպիտ խախտել մեր սահմանը և տեղակայվել մեր սահմանի ներսում, և նույնիսկ շանտաժային մեթոդով փորձել մղել մեզ ինչ-որ գործողությունների՝ անարդյունավետ ճանապարհ է, որևէ արդյունք չի կարող տալ։ Շանտաժի մեթոդը, նմանատիպ մոտեցումը ՀՀ իշխանությունների և ՀՀ ժողովրդի համար չեն կարող ընդունելի լինել։ Անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է ՀՀ տարածքից»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե երկու ամսից ավել է՝ Ադրբեջանն իր զորքերը չի հանում ՀՀ սուվերեն տարածքից, մենք ինչքան պետք է սպասենք, Ավինյանն արձագանքեց․ «Մենք պետք է սպասենք այնքան, մինչև ադրբեջանական զորամիավորումները դուրս գան մեր տարածքից»։
Հարցին՝ իր կարծիքով՝ այդ հարցը դիվանագիտակա՞ն ճանապարհով կլուծվի, փոխվարչապետի պաշտոնակատարը դրական պատասխան տվեց. «Մենք պետք է անենք ամեն ինչ, որ դիվանագիտական ճանապարհով լուծվի»։