Տեղեկացված չենք՝ պետական համակարգում ո՞վ է զբ...

Կառավարության շենքի դիմաց հավաքվել են 2023 թվականի սեպտեմբերի պատերազմի, պայթյունի հետևանքով անհայտ կորածների, հաստատված գերի հանդիսացող անձանց հարազատները, ինչպես նաև անձինք, որոնց հարազատները զոհվել են Արցախում և հուղարկավորված են այնտեղ: 

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տևական ժամանակ աշխատանքներ են տարվել խնդիրը բարձրաձայնելու, արտաշիրմում կազմակերպելու և անձանց աճյունները ՀՀ տեղափոխելու ուղղությամբ: Նա նշել է, որ հավաքի հիմնական նպատակը Կառավարություն նամակ փոխանցելն է, որից հետո քայլելու են դեպի ԱԱԾ շենք, որտեղ ևս նամակ կփոխանցվի: 

«Ուզում եմ տեղեկացնել, որ ձևավորված էր խողովակ՝ պետական կառույցների հետ աշխատանքների առումով, ավելի կոնկրետ՝ «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց» հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, ղեկավարում էր նախկին ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը: Հարազատները ունեցել են հնարավորություն հանդիպումներ ունենալու, ստացել են հավաստիացումներ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, որոշակի պայանավորվածություններ փորձ է արվում ձեռք բերել, բայց փաստն այսօրվա դրությամբ այն է, որ Արմեն Աբազյանի պաշտոնաթողությամբ պայմանավորված, մինչև հիմա որևէ մեկս տեղեկացված չենք՝ պետական համակարգում ո՞վ է զբաղվում այս հարցերով, կամ արդյո՞ք որևէ մեկը զբաղվում է, թե՞՝ ոչ: Արդյո՞ք Կառավարությունը պլանավորու՞մ է որևէ պաշտոնյա կամ որևէ պետական մարմին այս ուղղությամբ նշանակել կամ հանձնարարել, որպեսզի շարունակեն», - խնդիրը մանրամասնել է Արցախի ՄԻՊ-ը: 

Հարազատները ցանկանում են, որ այդ հարցերի քննարկմանը Աբազյանը շարունակի ներգրավվածություն ունենալ, քանի որ մինչ պաշտոնաթողումը ինքն է տարել քննարկումները:

 Նրանք պահանջում են, որ խողովակը վերականգնվի և տեսանելի արդյունքներ նշմարվեն: