
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի`
Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և արևմտյան մաքսատուն-վարչության
աշխատակիցները համատեղ հսկողություն են իրականացրել «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման
կենտրոնում։ Արդյունքում` Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից
հայտնաբերվել է շուրջ 372 գրամ «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգված: Այն թաքցված է եղել
առաքանու կոսմետիկ միջոցների տարաների մեջ:
Դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության քրեական
ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-
հետախուզական միջոցառումներ, մասնավորապես` «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական
միջոցառումը։ Արդյունքում՝ Երևանում, «ՀայՓոստ» ընկերության փոստային բաժանմունքից «մեֆեդրոն» տեսակի
թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել 17 ամյա
անչափահաս Մ.Ս-ն:
Նա պատրաստակամություն էր հայտնել աջակցել իրավապահ մարմիններին: Ինչի շրջանակներում Նոր Նորք
վարչական շրջանի տարբեր տեղանքներում հայտնաբերվել է վերջինիս կողմից նախապես տեղադրված շուրջ 475 գրամ
տարբեր տեսակի թմրամիջոցների պարունակությամբ 15 փաթեթ, որոնք պետք է իրացվեին բջջային «Telegram»
հավելվածի միջոցով:
Ձեռնարկված անհետաձգելի և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում
տեղեկություններ են ձեռք բերվել, որ Մ.Ս-ն Երևան քաղաքում վարձակալել է բնակարան, որտեղ նույնպես հնարավոր է
առկա լինեն թմրամիջոցներ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն մաքսանենգության
դեմ պայքարի վարչության աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության
աշխատակիցների կողմից խուզարկվել է նաև նշված բնակարանը։ Այստեղ ևս հայտնաբերվել են 404 գրամ ընդհանուր
քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, 185 գրամ «α-PVP» տեսակի թմրամիջոցի
նմանվող հեղուկ զանգված, 16 փաթեթներով փաթեթավորված 40 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված, ինչպես նաև
թմրամիջոցների կշռման և փաթեթավորման համար նախատեսված պարագաներ, այդ թվում՝ նաև հակագազ:
Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ Քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին
կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված
քրեական գործի շրջանակում Մ.Ս-ն ձերբակալվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ
օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին