Տեսանյութ. Խորհրդարանը մերժեց սահմանամերձ համ...

Խորհրդարանն այսօր նախ քննարկել է բացասական եզրակացություն ստացած մեկ նախագիծ, որը հեղինակել են խմբակցությունները լքած պատգամավորները: Այն վերաբերում է սահմանամերձ համայնքներում ցանկատարածքների օգտագործման պարագայում պետության կողմից բերքի իրացումը երաշխավորելուն: Համահեղինակ Թագուհի Թովմասյանը զեկուցել է.

«Հատկապես 2020թ-ի պատերազմից հետո սահմանամերձ համայնքների թիվը մեծացել է, և մենք խնդիր ունենք խրախուսելու բոլոր տեսակի գյուղատնտեսության ճյուղերը, իսկ դրա համար մի ձև ունենք՝ այնպես անենք, որ մարդիկ իրենց աճեցրածը կարողանան վաճառել: Եթե իրացման խնդիրն ապահովում ենք, գյուղատնտեսությունն աճում է, հիմա իրացվելու խնդիր չունեն խոշոր գյուղատնտեսները, իսկ գյուղացին մենակ է մնում, նախագծի հեղինակներս կարծում ենք, որ պետք է ցույց տանք, որ պետությունը տեր է կանգնում գյուղացուն:

Նշել է, որ նախագծին բացասական եզրակացություն տալն ու մերժելը հիմնազուրկ է: Հարակից զեկուցող Վահե Ղալումյանը նշել է, որ գլխադասային հանձնաժողովում նախագիծը ներկայացնողը չի կարողացել հարցերին լիարժեք պատասխաններ տալ: Ըստ նրա՝ չկա այն գերատեսչությունը, որը կկարողանա սույն հարցով զբաղվել, չկա կառույց, չկա ֆինանսական հաշվարկ, թե ինչ է արժենալու կառավարությանը:

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը չի համաձայնել Վահե Ղալումյանի դիտարկումների հետ, նշել է, որ հանձնաժողովում կողմնակալ մոտեցում է ցուցաբերել, իսկ գյուղատնտեսական ծրագրերը, որոնք իրականացնում է կառավարությունը, բացարձակ անարդյունավետ են:

Թագուհի Թովմասյանը հավելել է, որ անհասկանալի պայմաններում մերժում են ստանում։ Ըստ նրա՝ եթե չկա պետական գերատեսչություն, ապա կարելի է ցանկացած գերատեսչական օղակի հանձնարարել այդ գործը ստանձնել:

Լիագումար նիստերի դահլիճում նախագիծը քննարկելու հարցը ևս մերժվել է: