Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 2 միլիարդ 365 միլիոն դրամ լրացուցիչ գումար հատկացնել առողջապահության նախարարությանը, որը պետք է ուղղվի Հայաստանում կորոնավիրուսի վարակի կանխարգելման, բուժման ու այլ համալիր միջոցառումների շրջանակում անհրաժեշտ ծախսեր իրականացնելու համար:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց- «Դեռ կան որոշ անձինք, ովքեր չարամտորեն վնասարարությամբ են զբաղված ու անընդհատ խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որ քաղաքացիներին շփոթության մեջ են գցում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան, նշեց․
«Ինչու եք բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում։ Կա հստակ պետության պարտավորություն՝ վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ: Ես առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին», – ասաց Փաշինյանը:
«Գնացեք լուծեք, ոչ մեկ չի կարող մեզ խանգարել գործել, խնդիր եմ դրել, գնացեք լուծեք, վատ է, շատ վատ է պատվաստման թվերը ու որևէ ուրիշ մեկից չբողոքեք: Վերաբերում է դահլիճում նստած բոլորին, որ գալիս ասում եք՝ էս ինչ աշխատողը վախենում է պատվաստվի։ Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որը պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Հերիք է նստենք բողոքենք, էլ տենց բաներ չլսեմ: Գնացեք ու խնդիրները լուծեք», – ասաց Փաշինյանը:



