Տեսանյութ. Հարկվճարողներին ուղարկում է շուրջ...

Պետական եկամուտների կոմիտեի մոնիտորինգի կենտրոնում ամեն օր մշտադիտարկվում է հարկ վճարողների վարքագիծը:
Արդեն ավելի քան մեկ տարի ՀԴՄ-ների, հաշվարկային փաստաթղթերի միջոցով իրականացվող գործարքներից բացի
իրականացվում է նաև եկամտային հարկի հայտարարագրման և աշխատողների ձևակերպման մոնիտորինգ, ինչի հետևանքով
հարկ վճարողների հետ ծանուցումների եղանակով երկխոսությունն ակտիվացել է: Ամսվա ընթացքում կենտրոնը հարկ
վճարողներին ուղարկում է շուրջ 3000 ծանուցում և նրանցից ստանում մոտ 600 բացատրություն:
Ինքնաշխատ համակարգի վերհանած ռիսկերը կրկնակի վերլուծում են մասնագետները` հաշվի առնելով հարկ վճարողի
փաստացի գործունեության տեսակը, գործունեության իրականացման վայրը, սեզոնայնությունը և այլ
առանձնահատկություններ, որպեսզի հարկ վճարողներին ուղարկվող ծանուցումները տեղին և հիմնավոր լինեն: Ռիսկային
վարքագծի վերաբերյալ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության մոնիտորինգի բաժինն
էլեկտրոնային ծանուցումներն ուղարկում է հարկ վճարողների անձնական գրասենյակներին հաշվետվությունների
ներկայացման համակարգի միջոցով:
Բացահայտվում են ինչպես օրենքի չիմացության, այնպես էլ հնարավոր շրջանցման դրսևորումներ: «Օրինակ` երկու տարբեր
հասցեներում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերը, որը չունի վարձու աշխատող, սննդամթերքի երկու
խանութներում ՀԴՄ-ով գործարք է կատարում նույն ժամին, ինչը ֆիզիկապես հնարավոր չէ, հետևաբար հնարավոր է` առկա է
չգրանցված աշխատողի ռիսկ»,-մանրամասնում է ՊԵԿ մոնիտորինգի բաժնի պետ Արմինե Նահապետյանը և հավելում, որ
ռիսկային է նաև այն վարքագիծը, երբ մի քանի օր շարունակ նման խանութը ՀԴՄ-ով գործարք է կատարում միայն օրվա
ավարտին:
Արմինե Նահապետյանը նշում է, որ հաճախ չեն համապատասխանում շրջանառության հարկի հաշվարկով հայտարարագրված
և հաշվարկային փաստաթղթով կամ արտահանման մաքսային հայտարարագրով նշված իրացման շրջանառությունները: Նման
դեպքերում ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության մոնիտորինգի բաժինը ծանուցումներն
ուղարկում է համապատասխան հաշվարկի ներկայացման վերջնաժամկետին հաջորդող մինչև 5-րդ աշխատանքային օրը, ինչը
հնարավորություն է տալիս հարկ վճարողներին խուսափել լրացուցիչ տույժերից:
Վարքագիծը չփոխելու, ծանուցումներին չարձագանքելու կամ հիմնավոր բացատրություններ չստանալու դեպքում հարկ
վճարողների վերաբերյալ տվյալներն ուղարկվում են ՊԵԿ-ի այլ ստորաբաժանումներ: «Նախազգուշացմանը հաջորդում են

հսկողական միջոցառումները` պարզելու համար որքանով է մոնիտորինգով բացահայտված ռիսկը ճիշտ: Բացի այդ,
արդյունքներն օգնում են վերանայել և կատարելագործել չափանիշների համակարգը»,-ընդգծում է ՊԵԿ մոնիտորինգի բաժնի
պետը: Նրա դիտարկմամբ` բիզնեսի հետ երկխոսության այս ձևաչափի շնորհիվ ոչ օրինապահ վարքագիծ ունեցող հարկ
վճարողները կարող են ինքնուրույն և ամբողջությամբ հայտարարագրել հարկերը` չսպասելով տեսուչների այցին։
Մանրամասն` տեսանյութում:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարականության հետ կապերի բաժին