
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունը որոշել է տոտալ վերահսկողություն սահմանել ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Շատ չի անցել այն աղմուկից, որը բարձրացավ հանրային օբյեկտների մուտքերի մոտ տեսախցիկներ տեղադրելու օրինագծի առիթով, հիմա իշխանությունը նոր բան է մտածել` որոշել է պարտադրել բոլոր տերմինալներին՝ քաղաքացիների նույնականացում իրականացնել: Այսինքն, որեւէ տերմինալից գումար հանելու կամ փոխանցում անելու ժամանակ քաղաքացու նույնականացում պետք է իրականացվի, որ խարդախությունները նվազեն:
Ըստ նախագծի, բոլոր տերմինալների վրա պետք է տեղադրվի տեսախցիկ, ու քաղաքացու պատկերը պետք է համեմատվի «ԷԿԵՆԳ» համակարգում պահվող լուսանկարի հետ։ Բացի այն, որ սա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է, զավեշտալին այն է, որ անձնագրի լուսանկարը կենսաչափական տվյալ չէ, իսկ կենսաչափական տվյալների միասնական բազա Հայաստանում չկա:
Տերմինալներն աշխատեցնող կազմակերպությունները շիվարել են` ինչպե՞ս են իրականացնելու նույնականացումը` ավտոմա՞տ կարգով, թե՞ օպերատորները պետք է տերմինալին մոտեցած մարդու պատկերը «աչքաչափով» համեմատեն նրա անձնագրի լուսանկարի հետ ու թույլ տան գործարքն իրականացնել: