
Մարտի 8-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ բնապահպանական վերահսկողություն իրականացնելիս Թալին-Թաթուլ ճանապարհին ստուգել են «ՎԱԶ-2106» մակնիշի մի մեքենա։
Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք մեքենայում հայտնաբերել են «Իժ-27» և «Իժ-18» մոդելի որսորդական ողորկափող երկու հրացան, 12 մմ տրամաչափի 19 փամփուշտ և տափաստանային 19 արտույտ, որոնց որսն արգելված է:
Պարզվել է, որ 26-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ են:
Վարորդը հայտնել է, որ հրացանները պատկանում են հանգուցյալ պապին, որոնց համար չունի համապատասխան փաստաթղթեր, իսկ արտույտներին ինքն է որսացել:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թալինի քննչական բաժին: