Թաիլանդի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել սահմանամերձ շրջաններում գտնվող Կամբոջայի զինվորականների դիրքերին:
Այդ մասին դեկտեմբերի 11-ին հայտնել է Թաիլանդի պաշտպանության նախարարությունը։
Թաիլանդի ռազմական գերատեսչությունը նշել է, որ Կամբոջայի տարածքում ավիահարվածներ են հասցրել բացառապես հրամանատարական կետերին, անօդաչուներով կառավարվող օբյեկտներին և զենքի ու զինամթերքի պահեստներին, իսկ քաղաքացիական օբյեկտներին հարվածներ չեն հասցվել։
Թաիլանդի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Չաքրիթ Թամավիչայը հայտարարել է, որ ռազմաօդային ուժերը պատրաստ են նաև գործողություններ անցկացնել Կամբոջայի խորքում, եթե հետախուզությունը հստակորեն հաստատի անմիջական սպառնալիքի առկայությունը։
«Ռազմաօդային ուժերը պատրաստ են և ունակ են հարվածներ հասցնել Կամբոջայի խորքում գտնվող թիրախներին», - ասել է նա։
Ըստ թաիլանդական լրատվամիջոցների՝ դեկտեմբերի 10-ին կամբոջական ստորաբաժանումները գնդակոծել են Թաիլանդի սահմանային չորս նահանգներում գտնվող զորքերի 12 դիրքերը՝ օգտագործելով ծանր հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
Իր հերթին Թաիլանդի զինված ուժերի շտաբը հայտնել է, որ Կամբոջան սահման է փոխադրում PHL-03 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք հագեցած են 130 կմ հեռահարությամբ 300 մմ տրամաչափի հրթիռներով։
Դեկտեմբերի 7-ին Թաիլանդի և Կամբոջայի սահմանին մարտեր են բռնկվել։ Կամբոջայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Թաիլանդն է առաջինը կրակը բացել։ Բանգկոկը հակառակն է պնդում։
Երկու կողմն էլ միմյանց են մեղադրում այս տարվա սկզբին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված զինադադարի ռեժիմը խախտելու մեջ։



